
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի ավագանու նիստի ժամանակ իրավիճակը պարբերաբար սրվում է Զարուհի Փոստանջյանի՝ տեղից արված բացականչությունների, դահլիճում հեռախոսով շրջելու և մեղադրանքների պատճառով:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նիստի ընթացքում մի քանի անգամ հորդորեց Փոստանջյանին չշրջել դահլիճում, այլ նստել.
«Տիկի՛ն Փոստանջյան, սա բուլվար չի, զբաղեցրեք Ձեր տեղը, նստե՛ք»,-ասաց Ավինյանը և հավելեց, որ Փոստանջյանի բացականչությունները անձնական խնդիրներ են և վերջինս բարկացած է իր հայրիկի տան կողքին կատարվող շինարարությունից:
Փոստանջյանն ընդհատում էր նաև ավագանու անդամ Նուարդ Վարդանյանի ելույթը և վերջինիս նկատողությանն ի պատասխան, նշեց.
«Ես չեմ խանգարում, Նվարդիկ»:
«Նվարդիկ չէ, ես Ձեզ Զարուհիկ չեմ անվանում, տիկին Փոստանջյան, ես հասկանում եմ, որ դա մանկական կոմպլեքս է՝ մարդկանց իկ-երով դիմելը»,- ի պատասխան նշեց Վարդանյանը:
Ավինյանը մի շարք նկատողություններից հետո հայտարարեց, որ Զարուհի Փոստանջյանն այս նիստի ընթացքում զրկվում է խոսքի իրավունքից: