Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2024-2025 ուսումնական տարին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարվել է մշակութային կրթության տարի, և այդ համատեքստում ակնկալվում է, որ դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

«Մշակութային վերջին զանգ» միջոցառումների կազմակերպումը խրախուսելու նպատակով կանցկացվի մրցույթ, կձևավորվի ժյուրի, որի կողմից ընտրված լավագույն միջոցառումները կազմակերպած դպրոցները կպարգևատրվեն: Մրցույթին մասնակցությունը կամավորության սկզբունքով է. մասնակցության համար դպրոցը պետք է ներկայացնի հայտ:
Հաստատվել է «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների մրցույթի անցկացման ուղեցույցը: Ըստ ուղեցույցի՝ միջոցառումները կարող են ներառել.

Ազգային և hամամարդկային մշակույթը շեշտող տարրեր

  • ազգային և այլ պարերի կատարում,
  • հայկական և համաշխարհային երգերի կատարում աշակերտների կողմից (մարզերում՝ տվյալ տարածաշրջանը կամ համայնքը ներկայացնող երգեր, խաղիկներ և այլն):

Գրականություն

Հայ և համաշխարհային գրողների ստեղծագործությունների կատարում (կարելի է անդրադառնալ նաև տարվա հոբելյաններին, օրինակ՝ այս տարի լրանում է Ավետիք Իսահակյանի 150-ամյակը):

Բեմականացումներ

Աշակերտները կարող են բեմադրել փոքրիկ պատմական կամ հումորային ներկայացում, որը կապ կունենա դպրոցական կյանքի և ազգային մշակութային ժառանգության հետ:

Վերջին զանգի մշակութային խաղեր և արարողություններ

Շրջանավարտները և առաջին դասարանցիները կարող են ունենալ երկխոսություն, փոխադարձ ուղերձներ, իրար փոխանցել խորհրդանշական իր, որը կարևոր նշանակություն ունի համայնքի ավանդույթների շարունակության համար:

Թեմաները կարող են ընտրվել նաև դպրոցների հայեցողությամբ՝ ներառելով մշակույթի այլ ոլորտներ, որոնք ներկայացված չեն ուղեցույցում:

Մրցույթին մասնակցելու համար հանրակրթական ուսումնական հաստատությունները (հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցներ) վերջին զանգից հետո՝ մինչև 2025 թվականի մայիսի 29-ը ներառյալ, պետք է ներկայացնեն հետևյալ նյութերը՝

  • միջոցառման ծրագիրը (սցենար),
  • 10 լուսանկար միջոցառումից,
  • միջոցառման մինչև 10 րոպեանոց տեսագրություն (կարող են ներկայացվել սիրողական տեսագրություններ):

Նյութերն անհրաժեշտ է ուղարկել համապատասխան էլփոստի հասցեներին՝ ըստ մարզերի։

Ժյուրին մինչև 2025 թվականի հունիսի 8-ը կուսումնասիրի ներկայացված նյութը և կգնահատի այն՝ նախարարության կողմից մշակված հինգ միավորանոց սանդղակով ​​հետևյալ չափանիշներով՝

  • ծրագրի բովանդակություն,
  • լեզվական բաղադրիչ,
  • երաժշտական ​​ բաղադրիչ,
  • միջոցառման ստեղծագործականություն և նորարարություն:

Ժյուրիի գնահատման հիման վրա յուրաքանչյուր մարզում հաղթող կճանաչվի երկու դպրոց՝ հիմնական, միջնակարգ կամ ավագ: ԿԳՄՍ նախարարությունը մինչև հունիսի 11-ը հաղթող ուսումնական հաստատություններին կտեղեկացնի արդյունքների մասին:

125