
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին։
Փոխնախարարը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ենթակառուցվածքների ոլորտում և հեղեղներից հետո հետաղետային իրավիճակում համագործակցության համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել է 2024թ մայիսին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների արդյունքում տուժած ենթակառուցվածքների վերականգնման հարցը։
Մասնավորապես՝ քննարկվել է Շվեյցարիայի Համադաշնության կառավարության կողմից 2024 թ․ ջրհեղեղից հետո Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ծրագրերի արդյունքները, շվեյցարական փորձագիտական և ինժիներական խմբերի աշխատանքները, քանդված հետիոտնային կամուրջների կառուցման և վերականգնման ուղղությամբ անհրաժեշտ աջակցության տրամադրման վերաբերյալ հարցերը։
Շվեյցարական կողմի ֆինանսավորմամբ արդեն հայտարարվել են երեք հետիոտնային կամուրջների շինարարության մրցույթ, որի արդյունքներն ամփոփման փուլում են։
Համաձայնություն է ձեռք բերվել շվեյցարական կողմի հետ շարունակել ենթակառուցվածքների բարելավման ոլորտում առկա համագործակությունը։
Դեսպան Ռոզենկրանցն իր հերթին ընդգծել է Շվեյցարիայի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի ենթակառուցվածքների վերականգնմանն ու ամրապնդմանը, նպաստելու երկու երկրների միջև մասնագիտական փորձի փոխանակման և ծրագրերի իրականացման շարունակականությունը։
Կողմերը պայմանավորվել են շարունակական դարձնել աշխատանքային հանդիպում-քննարկումները՝ հնարավորինս սեղմ ժամկետներում նոր հետիոտնային կամուրջների կառուցման ծրագրի իրականացման համար։