
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է մարտի 20-ին Բրազիլիայի ԱԳ նախարարի հետ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում վերջինիս հնչեցրած մտքերին:
Մնալով իր ագրեսիվ ոճին հավատարիմ, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նախ «մաքրել» է իր վրայից սեփական մեղավորությունն ու մանիպուլյացիան, այնուհետ՝ նույն գործելաոճով ու կեղծ մեղադրանքների շարանով պատասխանել ՀՀ ԱԳՆ ղեկավարին:
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ կրկին տեղ է գտել պնդումն այն մասին, իբր, Հայաստանը հավակնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և այդ մասին ամրագրում կա ՀՀ Սահմանադրության մեջ: Գերատեսչությունը պնդել է, թե երկար ժամանակ խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության չգալու «մեղքը հայկական կողմինն» է:
«Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ երբ Հայաստանը հաղթահարի առկա դժվարությունները, համաձայնագիրը պատրաստ կլինի ստորագրման։
Երբ արտգործնախարարը և Հայաստանի այլ պաշտոնյաներ հայտարարում են, որ Ադրբեջանը դրական չի արձագանքում, այսպես կոչված, հաղորդակցությունների և «զենքի վերահսկման մեխանիզմների» վերաբերյալ առաջարկներին, թվում է, թե հայկական կողմը կամ չի հետևում այս հարցում Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանություններին, կամ ձգտում է ոչ բարի կամք դրսևորել և շահարկումների դիմել»,- պաթոսով և հուզված հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ նկատի ունենալով սեփական երկրի Պաշտպանության նախարարության կեղծ հաղորդագրություններին ու ապատեղեկատվությանը տված ՀՀ ՊՆ և վարչապետի աշխատակազմի պատասխանները:
Նշենք՝ Արարատ Միրզոյանը Բրազիլիայի գործընկերոջ հետ ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ բացի խաղաղության համաձայնագրի կոնկրետ առաջարկներից, կանխատեսելիության բարձրացման և փոխվստահության ձևավորման համար՝ Հայաստանը հանդես է եկել սպառազինությունների փոխադարձ վերահսկման և վերիֆիկացիայի մեխանիզմների ստեղծման վերաբերյալ կառուցողական նախաձեռնություններով։
«Ցավոք, նշված առաջարկները չեն ստացել կառուցողական պատասխան Ադրբեջանից. մենք դեռևս չունենք դրական արձագանք հաղորդակցությունների և սպառազինության վերահսկման վերաբերյալ առաջարկների առնչությամբ:
Չնայած մենք հայտարարել ենք Խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացման մասին, վերջին օրերին Ադրբեջանը լիովին կեղծ մեղադրանքներ է ներկայացրել՝ կապված հրադադարի խախտումների հետ, որոնք Հայաստանը կտրականապես մերժում է։ Խաղաղության բաղձալի նպատակին հասնելու համար Հայաստանի ամուր քաղաքական կամքը պետք է փոխադարձվի»,- ասել էր Միրզոյանը: