

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Հայկական ժամանակ»-ը գրում է․
Խաղաղության պայմանագրի՝ բոլոր կետերի շուրջ համաձայնության գալուց հետո ադրբեջանական կողմը շուրջ մեկ շաբաթ է, ինչ պարբերաբար կեղծ լուրեր է տարածում հրադադարի խախտման դեպքերի վերաբերյալ՝ մեղադրելով հայկական կողմին։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը շարունակաբար հերքում է դրանք՝ հայտարարելով, որ Բաքվի մեղադրանքները իրականությանը չեն համապատասխանում։
Հետաքրքրական է, որ Ադրբեջանի քարոզչական մեքենային են միացել նաև Հայաստանի ընդդիմադիր դաշտի որոշ ներկայացուցիչներ՝ այդկերպ տարածելով խուճապ և անհանգստություն:
Մասնավորապես՝ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը առավոտյան գրառում էր կատարել, թե, իբր, ամբողջ գիշեր Սոթքի ուղղությամբ ադրբեջանական կողմից ինտենսիվ կրակոցներ են եղել:
Առաքելյանի տարածած ստահոդ լուրը պաշտպանական գերատեսչությունից հերքել են, Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանն է վստահեցնում է՝ գյուղում իրավիճակը հանգիստ է։
Խաչատրյանի խոսքով՝ եթե որևէ բան եղած լիներ, մարդկանց շրջանում անհանգստություն կլիներ։
Կրակոցի ձայներ չեն լսվել նաև սահմանամերձ Ներքին Շորժա բնակավայրում, որտեղ հայկական ու ադրբեջանական դիրքերը մոտ են, հավաստիացնում է վարչական ղեկավար Արամ Մինասյանը:
Կութ բնակավայրի վարչական ղեկավարն էլ ասում է՝ կրակոցների մասին տարածվող լուրերը լսել է հենց լրագրողներից:
Գրիգորի Ավակյանի խոսքով՝ բավականին երկար ժամանակ է, ինչ գյուղում կրակոցի ձայներ չեն լսվում, այդ պատճառով է նաև, որ բնակիչների մեծամասնությունը տեղյակ չէ տարածվող լուրերի մասին։
Սահմանամերձ Նորաբակում ևս կրակոցի ձայներ չեն լսել, գյուղում խուճապ չկա։ Բնակավայրի վարչական ղեկավար Վազգեն Ասատուրյանը նկատում է՝ ինչպես Կութում, այնպես էլ իրենց մոտ երկար ժամանակ է, որ դեպքեր չեն գրանցվել։
Թե ինչո՞ւ է ադրբեջանական կողմը հրադադարի դեպքերի խախտման վերաբերյալ ապատեղեկատվությունների շարք սկսել, այս մասով գնահատական չի կարող տալ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նա ևս մեկ անգամ ընդգծեց միայն՝ Հայաստանը պատրաստ է փաստերի դեպքում ուսումնասիրել, հետաքննել դրանք:
Նախարարի խոսքով՝ ադրբեջանական կողմի զորքերի տեղաշարժ, կամ նմանատիպ այլ երևույթ գետնի վրա տեսանելի չէ:
Պապիկյանը հորդորեց, որ թե՛ ներկա, թե՛ նախկին պաշտոնյանները կրակոցների կամ սահմանի վերաբերյալ տարածեն միայն ճշգրիտ տեղեկատվություն, իսկ տեղեկատվությունը ճշգրիտ է, եթե այն ճշտված է Պաշտպանության նախարարության հետ: