Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 23-ին դասախոսությամբ է հանդես եկել «Մարդու իրավունքների այբուբեն. սովորել, գործել, փոխել» ծրագրի շրջանակներում:

Անահիտ Մանասյանը հանդիպմանը մասնակցող 14-17 տարեկան մոտ 30 երիտասարդներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դերն ու գործունեության ուղղությունները:

Ողջունելով մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է իր անցած մասնագիտական ուղին, խոսել է այն մասին, թե ինչպես է տարիների ընթացքում ձեռք բերած պրակտիկ գիտելիքներն ու հմտություններն իրացնում Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունն իրականացնելիս, մասնավորապես՝ նաև ճգնաժամային իրավիճակներում։ Այս համատեքստում Պաշտպանը հատուկ ընդգծել է մարդու իրավունքների վերաբերյալ պատշաճ կրթության կարևորությունը։

«Առանց մարդու իրավունքների վերաբերյալ պատշաճ կրթության չի կարող լինել նաև մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ։ Ցանկացած բնագավառում գործունեության տեսանկյունից առաջնային եմ համարում պրոֆեսիոնալիզմն ու բարեվարքությունը»,- ասել է Անահիտ Մանասյանը։

Հարց ու պատասխան ձևաչափով անցկացված հանդիպման ժամանակ աշակերտները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը։ Քննարկվել են երեխաների իրավունքների, ճգնաժամային իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանությանը, մարդու իրավունքների դոկտրինի պատմական զարգացմանն առնչվող և մի շարք այլ հարցեր։

Ծրագիրն իրականացնում է «Ալվան ծաղիկ» ՀԿ-ն՝ Նիդերլանդների դեսպանության աջակցությամբ:

108