Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ 2021-2023 թթ. ընթացքում Երևանում գործող մանկապարտեզներից մեկի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով ծառայողական լիազորությունները, պաշտոնեական կեղծիք կատարելով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցները: 

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ հիշյալ տնօրենը վերը նշված ժամանակահատվածում, իր մտերիմներին ու բարեկամներին մանկապարտեզում նշանակելով տարբեր, այդ թվում՝ նույն անձանց միաժամանակ մի քանի հաստիքների, ինքն է ստացել ու տնօրինել նրանց վճարված աշխատավարձերը: Ընդ որում՝ նշանակված անձանցից ոմանք ընդհանրապես չեն հաճախել աշխատանքի, սակայն տնօրենը համապատասխան փաստաթղթերում կատարել է վերջիններիս կողմից աշխատանքի ներկայանալու վերաբերյալ կեղծ գրառումներ, որոնց հիման վրա հաշվարկված ու փոխանցված աշխատավարձերը տնօրինել է անձամբ:

Բացի այդ, պարզվել է, որ տնօրենը 2021-2023 թթ. ընթացքում մանկապարտեզի համար հատկացված ավելի քան 2 մլն ՀՀ դրամի ավտոբենզինը օգտագործել է սեփական կարիքների համար:

Ընդհանուր առմամբ՝ վերը նշված ժամանակահատվածում մանկապարտեզի տնօրենի կողմից հափշտակվել է 50,6 մլն ՀՀ դրամ:

Առանձնապես խոշոր չափերով հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու համար տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով և 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը: Մեղադրանքներ են ներկայացվել նաև տնօրենին օժանդակած 4 անձի: Նրան օժանդակած ևս 16 անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումներ են կայացվել ոչ արդարացնող հիմքով:

Պետությանը պատճառված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 9 մլն ՀՀ դրամը, իսկ վնասի մնացած մասի չափով արգելանք է դրվել տնօրենին պատկանող անշարժ գույքերի վրա: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

599