
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ ապրիլի 1-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Վահե Ղարիբյանը, ով կասկածվում է մարտի 29-ին Չարենցավան քաղաքում մի խումբ անձանց հետ խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու մեջ, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ոստիկանները պարզել են, որ մարտի 29-ին՝ 18:30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի «Գինաց» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող կանաչ գոտում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մի կողմից Վ. Ղարիբյանի, Ռ. Մարգարյանի, և Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Գառնիկ Բաբլանյանի, իսկ մյուս կողմից Ս. Իսկանդարյանի, Գ. Մանուչարյանի, Դ. Քարամյանի և Ռ. Խանոյանի միջև, որը վերածվել է ծեծկռտուքի, ինչի ընթացքում 2 կողմերը ձեռքերով, ոտքերով և տարբեր առարկաներով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:
Ծեծկռտուքի ժամանակ Ռ. Խանոյանը իր մոտ եղած դանակով հրավածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Ռ. Մարգարյանին, այդ ամենը նկատել է Վ. Ղարիբյանը, ով իր մոտ եղած դանակով հարվածել է Ռ. Խանոյանի կրծքավանդակին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է:
Օպերատիվ տեղեկություններով պարզվել է նաև, որ Վ. Ղարիբյանը նշված դանակով հարվածներ է հասցրել նաև Ս. Իսկանդարյանին, Գ. Մանուչարյանին և Դ. Քարամյանին, որոնք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով, 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 10-րդ կետերով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով Վ. Ղարիբյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել:
Կայքը հայտնում է, որ տուժածների մեջ կան քննչական կոմիտեի և հարկային ծառայության պաշտոնյաների որդիներ: