
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երկուշաբթի Լյուքսեմբուրգում հանդիպել են ԵՄ 27 երկրի առևտրի նախարարները՝ քննարկելու ԱՄՆ-ի միջոցները և հանձնաժողովի արձագանքը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն ԱՄՆ-ին առաջարկել է «զրո զրոյի դիմաց» մաքսատուրքերի սխեման՝ փորձելով խուսափել առևտրային պատերազմից:
«Մենք առաջարկել ենք զրոյական մաքսատուրքեր արդյունաբերական ապրանքների համար, ինչպես հաջողությամբ արել ենք բազմաթիվ այլ առևտրային գործընկերների հետ, որովհետև Եվրոպան միշտ պատրաստ է լավ գործարքի»,- ասել է ԵՀ նախագահը:
Թրամփի նախատեսած մաքսատուրքերը ներդրողների մեջ խուճապ են առաջացրել, քանի որ ամբողջ աշխարհի ֆինանսական շուկաները կորցրել են տրիլիոնավոր դոլարներ կամ եվրոներ: Երկուշաբթի եվրոպական ֆոնդային ինդեքսները կորոնավիրուսի համաճարակի սկզբից ի վեր ամենամեծ մեկօրյա անկումն են ունեցել:
Եվրամիությունը պատասխան տուրքեր կսահմանի Թրամփի վարչակազմի գործողությունների նկատմամբ ապրիլի 15-ին, նշված է Եվրահանձնաժողովի որոշման մեջ։
Եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչի խոսքով՝ ԱՄՆ մաքսատուրքերը հարվածում են ԵՄ արտահանման զգալի մասին, որի մասնաբաժինը ԱՄՆ-ում կազմում է 380 միլիարդ եվրո։
«Այսպիսով, մեր ամբողջ արտահանման մոտ 70%-ին սպառնում է 20%, 25% կամ նույնիսկ ավելի բարձր մաքսատուրք՝ զուգակցված գործող մաքսատուրքերի հետ, ինչպիսին է մարդատար ավտոմեքենաների 27,5% մաքսատուրքը»,- ասել է նա ելույթի ժամանակ։
Շեֆչովիչն ընդգծել է, որ Բրյուսելը Վաշինգտոնին առաջարկել է հասնել մեքենաների և բոլոր արդյունաբերական ապրանքների փոխադարձ զրոյական մաքսատուրքերի: Պատասխան միջոցների քվեարկությունը նշանակված է ապրիլի 9-ին, իսկ վերջնական ցուցակը կընդունվի ապրիլի 15-ին: