Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի երևանցիներ,

Վերջին օրերին (և այսօր ևս) հրապարակումներ և ռեպորտաժներ են տարածվել Հրաչյա Քոչարի 27Ա շենքի բակի խաղահրապարակի ճաղավանդակների ապամոնտաժման վերաբերյալ։ Շատերն այդ իրադարձությունը կապում են իմ անունի հետ՝ նշելով, թե այդ ամենն իրականացվում է իմ հրահանգով։

Ուզում եմ բացահայտ և հստակ ասել՝ այո՛, այս հարցը ես եմ բարձրացրել։

Պատճառն այն է, որ բակի որոշ բնակիչներ խաղահրապարակի դռներին կողպեքներ են տեղադրել՝ սահմանափակելով կամ նույնիսկ արգելելով երեխաների ու ծնողների մուտքը։ Դա վերաբերում է նաև հարակից դպրոցների աշակերտներին, այդ թվում՝ Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի երեխաներին, ինչպես նաև հարակից բակերի բնակիչներին, որոնք չեն ունենում կողպեքի բանալին։

Այս իրավիճակը խիստ անընդունելի է։ Հանրային տարածքներն ի սկզբանե վերապահված են լինելու բոլորի համար՝ առանց տարանջատման, առանց «մեր բակն է» արտահայտության տրամաբանությամբ առաջնորդվելու։

Նմանատիպ բողոքներից հետո որոշեցի անձամբ գնալ այդ բակ՝ իմ հինգ տարեկան որդու հետ։ Ցավով եմ փաստում, որ նույն սահմանափակմանը բախվեցի նաև ես։ Չնայած ներկայանում էի ոչ թե որպես քաղաքապետի տեղակալ, այլ որպես հարակից շենքի բնակիչ, բակի որոշ բնակիչներ փորձում էին խոչընդոտել մեր մուտքը և այնտեղ ժամանակ անցկացնելու հնարավորությունը։

Պարզ դարձավ, որ թվով երեք շենքերի բնակիչներ՝ «ներքին ժողովների» արդյունքում, որոշել են, որ բակը պատկանում է միայն իրենց՝ շուրջ 180 բնակարաններին, իսկ մյուս հարակից շենքերի բնակիչները չեն կարող մուտք գործել։ Այսինքն՝ հանրային խաղահրապարակից օգտվելու իրավունքը վերահսկվում է մասնավորաբար՝ առանց որևէ իրավական հիմքի։

Անվտանգության մասին հնչեցված մտահոգությունները նույնպես հասկանալի են, և մենք միշտ պատրաստ ենք քննարկել համարժեք լուծումներ՝ տեսախցիկների տեղադրում, հավելյալ լուսավորություն և այլն, բայց ոչ՝ կողպեքներ, որոնք բաժանում են երեխաներին «մեր» և «ձեր» բակերի։

Նշեմ նաև, որ տվյալ բակը բարեկարգվել է Երևանի քաղաքապետարանի կողմից 2024 թվականին՝ քաղաքային բյուջեից հատկացված 81.5 միլիոն դրամի շրջանակում, իսկ ամբողջ 2024թ. ընթացքում հիմնանորոգվել է շուրջ 110 բակ:

Մեր քաղաքականությունը հստակ է՝ ոչ թե պարփակել բակերը, այլ բացել, բարեկարգել և վերադարձնել դրանք հանրությանը։ Բակերը պետք է լինեն բոլոր երևանցիներինը՝ բոլոր երեխաներինը։

Բարեկարգված բակի լուսանկարները տեղադրում եմ մեկնաբանությունների բաժնում»:

 

675