Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 10-14-ը համատեղության կարգով Ջամայկայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը (նստավայրը՝ Օտտավա) Ջամայկայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարարության կողմից կազմակերպած «Դիվանագիտական շաբաթ 2025» միջոցառմանը (#DiplomaticWeek2025) մասնակցելու նպատակով աշխատանքային այց է կատարել Ջամայկա: Այս մասին հայտնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից։

Այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպումներ է ունեցել Ջամայկայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Կամինա Ջոնսոն Սմիթի, Զբոսաշրջության նախարար Էդմունդ Բարթլեթի և Մշակույթի, գենդերային հարցերի, ժամանցի ու սպորտի նախարար Օլիվիա Գրանջի հետ: Հանդիպումների ընթացքում կողմերը վերահաստատել են երկու պետությունների միջև փոխշահավետ համագործակցություն զարգացնելու պատրաստակամությունը և կարևորել շփումները երկկողմ ու բազմակողմ հարթակներում:

Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և հեռանկարային ոլորտներից են դիտարկվում զբոսաշրջությունը, կրթությունը, մշակույթը և առևտուրը: Ա. Հարությունյանը հանդիպումների ընթացքում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հարևան երկրների հետ հարաբերությունները, ինչպես նաև պետության առջև ծառացած մարտահրավերները: Անդրադարձ է կատարվել երկրի գործարար միջավայրին և զբոսաշրջային պոտենցիալին։

153