
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ինչպես հայտնի է՝ Գյումրիում ապրիլի 16-ի առաջին նիստում ավագանին ընտրելու է քաղաքապետ, նիստը կվարի ավագանու ամենատարեց անդամներից ընդդիմության քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը։
Գյումրու ավագանին ունի 33 մանդատ: Համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը՝ 17 ձայն։
Հիշեցնենք, որ մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 14, Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 8, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ 6, «Իմ հզոր համայնք» կուսակցություն՝ 3, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 2 մանդատ:
Նշենք, որ իշխող ուժի ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանը չի հրաժարվել մանդատից, բայց այս պահի դրությամբ պարզ չէ՝ նա կառաջադրվի որպես քաղաքապետի թեկնածու, թե ոչ։
Օրենսդրությամբ՝ եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չի ստանում 17 ձայն, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջև անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ։
Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն, եթե ապահովվում է անհրաժեշտ քվորում նիստի անցկացման համար։
Իսկ եթե երկշաբաթյա ժամկետում նիստեր չկայանան ու համայնքի ղեկավար չընտրվի՝ պետք է տեղի ունենան նոր արտահերթ ընտրություններ։
Այնուամենայնիվ՝ «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը, որն այսօր հրաժարվել է իր մանդատից, հայտարարել էր, որ կապահովեն անհրաժեշտ ձայներ Վարդան Ղուկասյանին քաղաքապետ ընտրելու համար։