
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեններ Խաչատուր Մկրտչյանը, Սերժիկ Պետրոսյանը, Կարեն Բադալյանն այցելել են Վայոց ձորի և Սյունիքի մարզեր՝ հետևելու կատարված և կատարվող ճանապարհաշինական աշխատանքներին։
Ինչպես հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտից», առաջին կանգառը Մ-2 միջպետական ճանապարհի կմ91+600-կմ98+000 հատվածում էր։ Վայոց ձորով անցնող 6.4 կմ այս տեղամասում իրականացվելու են հիմնանորոգման աշխատանքներ։ Շինարարությունն արդեն մեկնարկել է. աշխատանքներ են տարվում արհեստական կառուցվածքների վրա։ Շինարարությունն ընթանալու է ինտենսիվ երթևեկության պայմաններում, և կապալառու կազմակերպության հետ քննարկվել է աշխատանքների ճիշտ կազմակերպման խնդիրը՝ երթևեկության անվտանգությունն ապահովելու համար։
Հաջորդ կանգառը Մ-2 ճանապարհի կմ181+250-կմ181+750 հատվածում էր։ Սիսիանի տարածաշրջանով անցնող 500 մ դժվարանցանելի տեղամասում կատարվելու է վերակառուցում։ Մասնավորապես, իրականացվելու են ճանապարհի ջրահեռացման համակարգի կառուցման, երթևեկելի մասի հիմնանորոգման աշխատանքներ։
Հիմնանորոգվում է նաև Տ-8-56, /Մ-2/-Հարժիս ավտոճանապարհի առաջին 8 կմ հատվածը։ Ճանապարհը Մ-2-ից տանում է դեպի Գորիսի տարածաշրջանի Հարժիս գյուղ։ Տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, առաջիկայում կավարտվի անվտանգության տարրերով կահավորումը։ Ծրագրի շրջանակում հիմնանորոգվել է նաև Հարժիսի դպրոց տանող ճանապարհը (250 մ):
Շինարարների և տեխհսկողների հետ քննարկումների ընթացքում շեշտվել է աշխատանքների որակով իրականացման կարևորությունը։