
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ապրիլի 16-ը Հայ կինոյի օրն է: Ի նշանավորումն օրվա՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում հանդիպել են կինոաշխարհի ներկայացուցիչներին:
Նախարար Ժաննա Անդրեասյանը, շնորհավորելով ոլորտի ներկայացուցիչներին տոնի կապակցությամբ, կարևորել է նրանց դերը հայ կինոյի զարգացման ու հանրահռչակման, նոր ժամանակներին համահունչ կայացման գործում:
«Կինոն՝ որպես արվեստ, այն գործունեությունն է, որը հանրության հետ խոսելու բացառիկ հնարավորություն է ընձեռում, իսկ հանրության հետ խոսելը՝ մեծագույն շնորհ է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարն անդրադարձել է ոլորտում պետական քաղաքականությանը՝ նշելով, որ ՀՀ կառավարությունն առանձին ծրագիր է իրականացնում մշակույթի ոլորտի հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին գնահատելու և խրախուսելու նպատակով: Ժաննա Անդրեասյանը նաև ասել է, որ Կառավարությունը նախորդ շաբաթ հաստատել է ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի փոխհատուցման կարգը, որով մինչև 35 տոկոս վերադարձ է նախատեսվում կինոյի ոլորտում կատարվող ներդրումների համար։
Կինոյի մասնակի ներդրումների վերադարձը, ըստ Ժաննա Անդրեասյանի, կինոոլորտում զարգացման նոր խթան կհանդիսանա՝ բացելով գործունեության լայն դաշտ։ Նախարարը վստահեցրել է, որ պետությունը կանգնած է լավ գաղափարների կողքին, նաև կոչ է արել ուսանողներին չսահմանափակել երազանքները և ակտիվորեն մասնակցել տարբեր ծրագրերի:
«Ուրախ եմ, որ հայկական կինոն, հատկապես վերջին տարիներին, բավականին մեծ ակտիվություն է ցուցաբերում տարբեր միջազգային հարթակներում ներկայանալու, փառատոներում հաջողություններ գրանցելու հարցում: Պետության քաղաքականությունը միտված է կինոարտադրությունը որպես ինդուստրիա կայացնելուն»,- ասել է նախարարը՝ մասնավորապես անդրադառնալով աշխարհի ամենահեղինակավոր Անսի անիմացիոն ֆիլմերի միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի «Հեռանկարներ» մրցութային ծրագրում ընդգրկված «Օձի ապուր» դեբյուտային անիմացիոն ֆիլմին: Այն նկարահանվել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, որի ռեժիսորը Զաքար Դեմիրճյանն է, իսկ պրոդյուսերը՝ Րաֆֆի Մովսիսյանը:
Հանդիպման շրջանակում տեղի է ունեցել նաև «Օձի ապուր» դեբյուտային անիմացիոն ֆիլմի դիտումը, որին հաջորդել է ֆիլմի քննարկումը: