Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր իմ համեստ անձին է անդրադարձել մի ամբողջ հանրապետության երկրորդ նախագահի գրասենյակ:)) Վրդովմունքի պատճառ է դարձել այսօրվա ելույթս, որում, ի թիվս այլնի, ցեղասպանությունն ուրանալու մեղադրանքներին ի պատասխան, ասել եմ հետևյալը. «Երկրորդ Նախագահը կառավարական հանձնաժով ստեղծելու համաձայնություն էր տվել, որը նույնպես պետք է ուսումնասիրեր Ցեղասպանության լինել-չլինելը։ Նույն առաջնորդը, իր արտաքին գործերի նախարարով, հայտարարել էր փակ հանդիպումների ժամանակ, որ, եթե Թուրքիան համաձայնվի բացել հայ-թուրքական սահմանը, վերջինս հաջորդ իսկ օրը կմեկնի ԱՄՆ և էնտեղ մեր գործընկերներին կհամոզի հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևից»:

Եվ ահա Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը արձագանքել է. «Թե՛ Էրդողանի՝ 2005 թվականի նամակը, որով նա առաջարկում էր ստեղծել պատմաբանների հանձնաժողով և թե՛ նախագահ Քոչարյանի պատասխանը, որում այդ առաջարկը մերժվում էր, բաց մատչելիությամբ հասանելի են համացանցում։ Այդ պատասխանը նման կերպ ներկայացնելու համար կա՛մ Արուսյակ Ջուլհակյանը 42 տարեկանում դեռ մնացել է առաջին դասարանում /բնորոշումը իր շեֆինն է/ և տեքստերի ընկալումը նրան հասու չէ, կա՛մ իր շեֆի պես անզուսպ ստում է, կամ էլ ոգևորված է իր շեֆի գրկած՝ Էրդողանի գրքից»։ 

Ընդ որում՝ Քոչարյանի պատասխանը դրված է ակտիվ հղմամբ, որում ներկայացված է Քոչարյանի նամակի միայն խրոխտ, Քոչարյանին ու վերջինիս գրասենյակին ձեռնտու հատվածը, որտեղ վերջինս դեմ է արտահայտվում պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը:

Իսկ ի՞նչ էր գրված նամակի երկրորդ մասում: Այդ մասին մենք տեղեկանում ենք ԱՄՆ պետքարտուղարության գաղտնազերծված փաստաթղթերից:

«Կառավարությունների պատասխանատվությունն է զարգացնելու երկկողմ հարաբերությունները, եւ մենք իրավունք չունենք այդ պատասխանատվությունը լիազորելու պատմաբաններին: Այս համատեքստում միջկառավարական հանձնաժողովը կարող է քննարկել ցանկացած եւ բոլոր չլուծված խնդիրները մեր երկու պետությունների միջեւ՝ նպատակ ունենալով լուծել դրանք եւ փոխըմբռնման հասնել»:

Այս փաստաթղթին Միացյալ Նահանգների Հայաստանում այն ժամանակվա դեսպան Ջոն Էվանսը կցել է Հայաստանի արտգործնախարարության «ոչ-թղթային» տեսակետը էրդողանի նամակի վերաբերյալ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը փաստում է, որ Քոչարյանի նամակը վերահաստատում է հայկական կողմի դիրքորոշումը. Հայաստանը պատրաստ է քննարկել ցանկացած հարց միջկառավարական հանձնաժողովի մակարդակով, եւ հույս հայտնում, որ վարչապետ Էրդողանը դրական կարձագանքի նախագահ Քոչարյանի առաջարկին` նորմալացնելու հարաբերությունները:

Ես հեռու եմ այն մտքից, որ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Միկոյանը իր գրեթե 47 տարեկանում դեռ մնացել է առաջին դասարանում: Վստահ եմ նաև, որ տեքստեր ընկալելու հարցում էլ չի թերանում: Առավել հավանական եմ համարում այն, որ իր շեֆի գործունեությունն այնքան է հատվածական ներկայացրել հանրությանը, որ ինքն էլ է սկսել անզուսպ հավատալ իր ասածին: Եվ գուցե շարունակում է ոգևորված մնալ իր շեֆի գրկած կինդեր ձվիկներով:

Դատելով այն բանից, որ Միկոյանը չի անդրադարձել ելույթիս մյուս հատվածին՝ կարող եմ եզրակացնել, որ չի հերքում, որ յուր շեֆը պատրաստ է եղել սակարկության առարկա դարձնել Հայոց ցեղասպանության հարցը և հայ-թուրքական սահմանի բացման դիմաց հրաժարվել ցեղասպանության ճանաչումից:

Հ.Գ Նստե՛ք, Բագրատ, երկուս»:

 

 

669