
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանում արդարադատության ուշացման հարցը խորքային է, և պատճառներից մեկը կառուցակարգային ու բովանդակային խզումն է արդարադատության և հասարակության միջև։ Այս մասին Երևանում ընթացող «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կարծում եմ, որ պատճառներից մեկը, որը ընկած է հարցադրման հիմքում, նաև այն է, որ Հայաստանի Հանրապետությունում կառուցակարգային և բովանդակային որոշակի խզում կա արդարադատության և սահմանադիրի՝ ժողովրդի միջև։ Ինչո՞ւ ենք մենք ասում, կամ ինչո՞ւ կա այդ հարցադրումը, թե արդյոք արդարադատությունն ու արդարությունը նույն բանն են կամ պիտի լինեն նույն բանը։ Երբ փորձում ենք այս հարցը բաղդատել, տեսնում ենք, որ իրականում խնդիր կա հենց ինքնին ձևակերպման մեջ։ Բայց կարևոր է հասկանալ՝ որն է պատճառը, որ նման ձևակերպում և հարցադրում կարող է գոյություն ունենալ մեր իրականության մեջ։
Ես կարծում եմ՝ պատճառներից մեկը այն է, որ Հայաստանում արդարադատությունը շատերին հասկանալի չէ, որովհետև ես այս ընթացքում իմ շփումների, քննարկումների արդյունքում հասկացել եմ, որ մենք ունենք նաև արդարադատության լեզվի հետ կապված խնդիր։ Եվ այդ լեզուն ոչ միայն բարդ է, այլև երբեմն այդ բարդությունն օգտագործվում է պատճառահետևանքային կապերի բացակայությունը թաքցնելու համար»,- ասել է վարչապետը: