
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ՝ ընդգծելով, որ այդ իրադարձությունը ոչ միայն պատմական ցավալի ողբերգության հիշեցում է, այլև արդարության, մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության հանդեպ Լիբանանի հանձնառության հաստատում: Այդ մասին հայտնել է Լիբանանի հեռարձակման միջազգային ընկերությունը:
Նա ընդգծել է բռնության, ծայրահեղականության և մեկուսացման բոլոր ձևերին դիմակայության կարևորությունը: Աունը համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին՝ այդ սկզբունքները պահպանելու համար խաղաղ պայքարում։
Նա նաև բարձր է գնահատել ծագումով հայ Լիբանանի քաղաքացիների ներդրումը` ընդգծելով նրանց երկարամյա և կառուցողական դերը Լիբանանի քաղաքական, տնտեսական, մշակութային և գեղարվեստական կյանքում:
«Թող Աստված ողորմի Հայոց ցեղասպանության զոհերին և ամբողջ աշխարհում անարդարության ու ագրեսիայի բոլոր զոհերին: Թող նա պաշտպանի Լիբանանն ու իր ժողովրդին ամեն չարիքից»,- ասված է Լիբանանի նախագահի ուղերձում։