
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը մեղադրում է Պակիստանին երկրորդ օրն անընդմեջ Քաշմիրի հովտի երկայնքով հրադադարը խախտելու համար:
Գերատեսչության տվյալով՝ Հնդկաստանի բանակը պատասխան կրակ է բացել: Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Երկու երկրի հարաբերությունները կտրուկ սրվել են Ջամու և Քաշմիրում ապրիլի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով 26 մարդ է զոհվել։ Նյու Դելին տեղի ունեցածի համար մեղադրել է Պակիստանին՝ դադարեցնելով այդ երկրի քաղաքացիներին վիզաների տրամադրումը և Իսլամաբադի հետ ջրային ռեսուրսների մասին համաձայնագիրը:
Պակիստանի իշխանությունն ի պատասխան փակել է օդային տարածքը հնդկական ավիաընկերությունների համար և դադարեցրել Հնդկաստանի հետ առևտուրը: Իսլամաբադից նաև նախազգուշացրել են՝ եթե Ինդոս գետի հոսքը դադարեցվի կամ փոխվի, դա կընդունվի որպես պատերազմի ակտ:
Պակիստանի և Հնդկաստանի միջև հակամարտությունը կարող է վերաճել միջուկային դիմակայության՝ Al Jazeera հեռուստաալիքի եթերում զգուշացրել է Պակիստանի պաշտպանության նախարարը: