
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Երևանի ծայրամասում գտնվող եռահարկ տիպիկ հանրային դպրոցում ինը տարեկան Սլավիկը ցուցադրում է իր գյուտը՝ երեք LED լամպերով տուփը։ Նրա կողքին 14-ամյա Էրիկն ու Նարեկը ցուցադրում են իրենց ստեղծած խելացի ջերմոցի մոդելը, որը վերահսկում է ջերմաստիճանը և ավտոմատ կերպով կառավարում օդափոխիչները բջջային հավելվածի միջոցով։ Մյուս երեխաները ոգևորությամբ ցուցադրում են իրենց գյուտերը՝ խաղեր, ռոբոտներ, հավելվածներ և խելացի տան նախագծեր։ Տասնմեկամյա Առաքելը ձեռքում պահում է տան ստվարաթղթե մակետ՝ ներքաշվող լվացքի պարանով»,- այս մասին իր ռեպորտաժում պատմում է BBC-ին՝ Araratnews.am-ի փոխանցմամբ:
Նա պատմում, որ այս երիտասարդ գյուտարարները հաճախում են ինժեներական լաբորատորիաների դասընթացների, որտեղ սովորում են ծրագրավորում, ռոբոտաշինություն, կոդավորում, 3D մոդելավորում և այլն։
BBC-ին նշում է, որ Հայաստանը, որը 2.7 միլիոն բնակչություն ունեցող ցամաքային երկիր է, Հարավային Կովկասի տարածաշրջանի ամենափոքր երկիրն է, և նրա սահմանները հարևան Ադրբեջանի ու Թուրքիայի հետ տասնամյակներ շարունակ փակ են եղել։ «Ի տարբերություն իր հարևանների, Հայաստանը չունի բնական պաշարներ կամ ելք դեպի ծով։ Սակայն խորհրդային տարիներին այն մաթեմատիկայի և համակարգչային գիտության կենտրոն էր, իսկ այսօր երկիրը հիմնվում է իր ժառանգության վրա՝ դառնալով Կովկասի տեխնոլոգիական կենտրոնը»,- նշված է ռեպորտաժում։
Անդրադարձ է արվել նաև Picsart-ին․ արհեստական ինտելեկտով աշխատող լուսանկարների ու տեսանյութերի խմբագրման կայքին ու հավելվածին, որը գործարկվել է Հայաստանում 2011 թվականին։ Այսօր ընկերությունը, որն ունի երկու գլխավոր գրասենյակ՝ Երևանում և Մայամիում, գնահատվում է 1.5 միլիարդ դոլար։
«Հայկական ընկերությունների այլ հաջողության պատմություններից են Krisp-ը, որը արտադրում է աուդիո մշակման ծրագրեր, և Service Titan-ը, որը մատակարարում է բիզնես ծրագրեր»,- ասվում է նյութում։
Տարեկան զեկույցում նշվում է, որ Հայաստանը Կովկասյան տարածաշրջանում ընկերություն հիմնելու լավագույն երկիրն է՝ զբաղեցնելով աշխարհում 57-րդ տեղը։ Համեմատության համար նշենք, որ Վրաստանը 70-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը՝ 80-րդ։