
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Աննախադեպ և բացառիկ համերգով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանում հանդես կգա դաշնակահար Յուջա Վանգը։ Գալա համերգը նվիրված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին և կբացի հոբելյանական համերգների շարքը։ Այն տեղի կունենա մայիսի 14-ին՝ ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում: Յուջա Վանգի կատարմամբ մայիսի 14-ին կհնչի Սերգեյ Պրոկոֆևի Դաշնամուրի կոնցերտ թիվ 2-ը, Դմիտրի Շոստակովիչի ‹‹Տոնական նախերգանք››-ը, երկրորդ բաժնում՝ Արամ Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 2-ը («Զանգերով»):
Յուջա Վանգը համաշխարհային ճանաչում ունեցող դաշնակահարուհի է, որը հայտնի է իր նվագելու տպավորիչ տեխնիկայով, արտիստիզմով ու բեմական շլացնող ոճով։
Յուջան դաշնամուր սկսել է նվագել դեռևս 6 տարեկանից, իսկ միջազգային վերելքը սկսվեց 2007-ից, երբ Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգի ժամանակ նա փոխարինեց Մարթա Արգերիխին: Երկու տարի անց նա դարձավ Deutsche Grammophon-ի էքսկլյուզիվ արտիստ և իր տեղը գրավեց աշխարհի առաջատար երաժիշտների շարքում: 2017-ին Musical America-ի վարկածով համարվեց ‹‹Տարվա լավագույն արտիստ››, իսկ 2021թ.-ին ստացավ Opus Klassik-ի մրցանակ Ջոն Ադամսի ‹‹Արդյո՞ք բոլոր լավ մեղեդիները պատկանում են սատանային›› դաշնամուրային կոնցերտի ձայնագրության համար, որը կատարեց Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Գուստավո Դուդամելի ղեկավարությամբ:
Նա ամենապահանջված արտիստներից է, որը հավատարիմ է իր գործին նաև կամերային և մենահամերգային ժանրում և հանդիսանում է Գրեմմիի նոմինանտ: Նրա անհավանական տեխնիկան ընդգծվում է արագության և ձայնի վերահսկման տպավորիչ հմտություններով. ‹‹Տեխնիկան միայն միջոց է։ Ճիշտ է, պետք է վարպետանալ դրանում, բայց իրական նպատակը հույզերն են, ոչ թե արագությունը››,- ասել է նա։
Յուջայի մասին նկարահանվել են դոկումենտալ ֆիլմեր, դաշնակահարուհին նկարահանվել է հայտնի Vogue, Elle և Marie Claire ամսագրերի համար։
Դասական կատարողական արվեստի ամենավառ և ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը հանդիսատեսի ուշադրությունը գրավում է նաև իր ոճով, ինչը երբեմն բերում է հասարակության տարբեր արձագանքերի, սակայն նա այն համարում է արվեստի արտահայտման ձև և մի անգամ նշել է. ‹‹Ես պարզապես ուզում եմ լինել ինքս ինձ նման։ Եթե մարդիկ խնդիր ունեն իմ հանդերձանքի հետ, դա իրենց խնդիրն է, ոչ թե իմ։ Ես արվեստ եմ ստեղծում, ոչ թե միայն նվագում նոտաներ››։
Յուջա Վանգին միջազգային մամուլը որակում է որպես ‹‹Մեր ժամանակների ամենափայլուն և ազդեցիկ դաշնակահարներից մեկը: Նա անթերի, բյուրեղյա տեխնիկա ունի, ֆենոմենալ հզորություն և դիմացկունություն, նրա ռիթմի զգացողությունն աշխատում է ատոմային ժամացույցի ճշգրտությամբ, իսկ հնչողությունը ադամանդյա մաքրություն ունի, նրա մեկնաբանություններն աչքի են ընկնում դինամիկայի լայն դիապազոնով և շլացնող փայլով: Յուջան արտացոլում է այն ներքին հիացմունքը, որն իրենց հետ բերեցին Արգերիխն ու Հորովիցը երիտասարդ տարիներին: Որքան դժվար և խճճված է երաժշտական կտավը, այնքան արագ և անթերի է նվագում Յուջա Վանգը›› (Jonathan Dobson, International Piano Magazine):
Յուջայի խոսքով, ինքն իրեն ավելի ազատ է համարում բեմում, քանի որ դա այն վայրն է, որտեղ նա կարող է խոսել առանց բառերի։
Յուջա Վանգը հանդիսանում է Steinway-ի արտիստ և Rolex-ի դեսպանը: Նա նաև ինտերնետ-սենսացիա է. ունի իր երկրպագուների կողմից ստեղծված բազմաթիվ բլոգեր, իսկ իր կատարմամբ ‹‹Իշամեղվի թռիչքը››-ը Medici TV-ի յութուբյան ալիքում ունի մոտ 10 միլիոն դիտում: