
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան մշակման փուլում է. այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան պատասխանել է հարցին, թե հայտնի՞ են Լավրովի մայիսին սպասվող այցի ամսաթիվը և օրակարգը, և արդյոք այն կապված է Սյունիքում Ռուսաստանի հյուպատոսության բացման հետ։
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի Հայաստան այցի վերաբերյալ կարող եմ ասել, որ այն մշակման փուլում է։ Մենք անպայման կկիսվենք ձեզ հետ այս հարցի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությամբ»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ հարցի երկրորդ մասի վերաբերյալ մանրամասները կներկայացվեն ավելի ուշ։