
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումի մեկնարկին:
Հանրապետության նախագահը հանդես է եկել բացման խոսքով, ապա բանախոսություն ունեցել Հայաստանի առջև առկա մարտահրավերների և հնարավորությունների և այս համատեքստում կրթության և գիտության դերակատարության վերաբերյալ:
Հանրապետության նախագահի բացման խոսքը.
«Ուրախությամբ ողջունում եմ Երևանի պետական համալսարանի շրջանավարտների առաջին ֆորումի անցկացումը և հուսով եմ, որ այն նոր ավանդույթի մեկնարկ կդառնա:
Երևանի պետական համալսարանը՝ որպես Հայաստանի Մայր բուհ, տարիներ շարունակ եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի առանցքային հենասյուներից մեկը։ Այստեղ ձևավորվում են ինչպես բազմաթիվ մասնագետներ, այնպես էլ ակտիվ ու պատասխանատու անհատները, ովքեր հաճախ առաջնորդում են մեր պետության զարգացումը։
Այսօր մեր հասարակության և պետության առջև ծառացած են մի շարք խորքային մարտահրավերներ՝ թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային ու բարոյահոգեբանական ոլորտներում։ Այդ բոլոր խնդիրների երկարաժամկետ և հիմնարար լուծումը հնարավոր է միայն կրթված, քննադատական մտածողությամբ, մասնագիտական ու քաղաքացիական պատասխանատվությամբ և գիտելիքի նկատմամբ բարձր գնահատական ունեցող հասարակության միջոցով։
Հենց այդտեղ է համալսարանի և համալսարանական համայնքի դերը՝ որպես գիտության, գիտելիքի և առաջադեմ գաղափարների դարբնոց։
Ժամանակակից աշխարհում, երբ տեխնոլոգիական առաջընթացն օրեցօր փոխում է մարդկային գործունեության բոլոր ոլորտները, գիտությունը դառնում է պետության կենսունակության, մրցունակության ու ինքնիշխանության երաշխիքներից մեկը։
Այս ֆորումը բացառիկ հնարավորություն է՝ վերարժևորելու մեր համալսարանական կապերը, ամրապնդելու շրջանավարտների համախմբվածությունը և ստեղծելու միասնական գիտակրթական հարթակ, որն ունակ կլինի արձագանքել ժամանակի պահանջներին ու մեր երկրի կարիքներին։
Համոզված եմ, որ այս նախաձեռնությունը կծառայի իբրև ամուր հենք՝ գիտական և կրթական համագործակցության նոր ուղիներ ձևավորելու, փորձի փոխանակման նոր հնարավորություններ փորձարկելու համար՝ ոչ միայն ազգային, այլև միջազգային հարթակներում։
Ֆորումի հարգելի մասնակիցներ,
Առաջիկա օրերին մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք և բովանդակալից քննարկումներ՝ հանուն գիտության և հանուն մեր պետության զարգացման»: