Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Որևէ տեսակի խտրական վերաբերմունք ՀՀ որևէ քաղաքացու նկատմամբ մեր որևէ աշխատակից իրավունք չունի թույլ տալ, և ոչ միայն ՀՀ քաղաքացու նկատմամբ, այլև առհասարակ յուրաքանչյուր մարդու: Նման խտրական վերաբերմունքն անընդունելի է: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի՝ մայիսի 20-ի նիստին ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամի ներկայացրած միջադեպին, որը տեղի է ունեցել ապրիլի 17-ին քաղաքային տրանսպորտում, որին, սակայն, ցայսօր արձագանք չի եղել:

Ըստ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի՝ տրանսպորտի վարորդը ուղևորին ԼՂ-ից լինելու պատճառով իջեցրել է ավտոբուսից՝ կնոջ հասցեին բարձրաձայն ատելության խոսք ասելով: Իսկ միջադեպի պատճառը եղել է այն, որ քաղաքացին վարորդին նկատողություն է արել արագ վարելու համար: Ավագանու անդամը հետաքրքրվեց՝ վարորդը պատժվե՞լ է կամ պատժվելո՞ւ է:  

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ նոր է տեղեկանում դեպքից, ապա հիշեցրեց, որ երեկ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քննարկվել է վարորդների՝ աշխատանքի ընդունելության տրամաբանությունը փոխելու հարցը:

«Ես անձամբ մոնիտորինգ եմ անում թեժ գծով և «Ակտիվ քաղաքացի» հավելվածով կոնկրետ վարորդների վարվելակերպի հետ կապված բողոքների քանակի մասով, և այստեղ ունենք նվազում, ինչը իհարկե, չի բացառում, որ առանձին դեպքեր կարող են լինել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է վերահսկողական մեխանիզմներին՝ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ լայվ ռեժիմով հետևում են տրանսպորտում տեղի ունեցող միջադեպերին, տեղի ունեցածը տեսաձայնագրվում է, ինչը թույլ կտա այդ դեպքը ևս ուսումնասիրել:

«Եթե ամեն դեպքում խտրական խոսք է հնչել, չեմ կարծում, որ կարող է լինել որևէ արդարացում, և պատասխանատվության համապատասխան միջոցը վրա կհասնի»,- ասաց նա:

155