Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պաշտոնական այցով Տալլինում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան, որը համարվում է Բալթիկայի և Հյուսիսային Եվրոպայի մեծագույն թանգարաններից մեկը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Այցի ընթացքում թանգարանի տնօրեն Կադի Պոլլին նախարար Ժաննա Անդրեասյանին ներկայացրել է թանգարանի կառավարման համակարգը, քննարկվել է Հայաստանի ազգային պատկերասրահի և Կումու թանգարանի միջև համագործակցության հնարավորությունը։

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է Հայաստանի ազգային պատկերասրահի գործունեությանը՝ ընդգծելով համատեղ ցուցադրությունների կազմակերպման կարևորությունը։ Նախարարը Կումու թանգարանի պատվիրակությանը հրավիրել է Հայաստան՝ հետագա համագործակցության ուղղությամբ գործնական պայմանավորվածությունների ձեռքբերման նպատակով։

Եվրոպական թանգարան մրցանակի արժանացած Կումու թանգարանում ցուցադրվում են ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր հավաքածուներ։

Թանգարանի հիմնական հավաքածուն ընդգրկում է Էստոնիայի մշակույթը՝ սկսած 18-րդ դարից մինչև նախորդ դարի 90-ական թվականներ՝ ներառյալ խորհրդային շրջանը:

146