Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանում մայիսի 26-ին մեկնարկել են «Երևանյան երկխոսություն 2025» միջազգային երկրորդ համաժողովի աշխատանքները: Համաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՀՀ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Խաղաղության խաչմերուկ. ժողովրդավարության միջոցով դեպի բարգավաճում և անվտանգություն» խորագրով քննարկում շուրջ 15 երկրների խորհրդարանականների, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցիչների ու ՀՀ ԱԺ պատգամավորների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Քննարկման համակարգող, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը, ողջունելով մասնակիցներին, նշել է, որ քննարկման նպատակն է խթանել երկխոսությունը, ստեղծել համագործակցային միջավայր, որտեղ մասնակիցները կարող են ներկայացնել իրենց երկրների լավագույն փորձը, փոխանակել մտքեր, որոնք կօգնեն հաղթահարել գործող մարտահրավերներն ու խոչընդոտները:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը քննարկման բացման ելույթում ընդգծել է երկխոսության կարևորությունն ու անհրաժեշտությունը:

«Այս միջոցառումն արտացոլում է արագ փոփոխվող աշխարհում երկխոսությունը, վստահությունը և գործնական լուծումները՝ խթանելու մեր համատեղ հանձնառությունը: Մենք այստեղ ենք հուսադրող վերնագրի ներքո՝ «Խաղաղության խաչմերուկ. ժողովրդավարության միջոցով դեպի բարգավաճում և անվտանգություն»:

Խոսելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանի կառավարության նախաձեռնությունն է վերաիմաստավորել Հարավային Կովկասը ոչ թե որպես հակամարտության մշտական թատերաբեմ, այլ՝ որպես համագործակցության խաչմերուկ:

«Հայաստանի համար սա ավելին է, քան պարզապես թեմա. այն տեսլական է, ռազմավարություն և պարտավորություն: ՀՀ կառավարությունը սկսել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ որպես գործնական, խաղաղ և ապագային միտված նախաձեռնություն»,- ասել է Սարգիս Խանդանյանը:

Նրա խոսքով՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կոնկրետ, իրատեսական ծրագիր է՝ տարածաշրջանում վերաբացելու և կառուցելու նոր ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, էներգետիկ և կապի ենթակառուցվածքներ: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ նախագիծը հիմնված է չորս առաջնորդող սկզբունքների վրա՝ ինքնիշխանություն, իրավասություն, փոխադարձություն և հավասարություն:

Նրա դիտարկմամբ սրանք այն կարևոր սկզբունքներն են, որոնք կարող են տարածաշրջանային կապը ոչ միայն հնարավոր, այլև կայուն դարձնել: Քննարկման ընթացքում ելույթ են ունեցել Չեխիայի, Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Հունաստանի, Մոնտենեգրոյի, Ուկրաինայի խորհրդարանների ներկայացուցիչները: Նրանք ողջունել են նման ձևաչափով քննարկումները՝ կարևորվելով Հայաստանում ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների ամրապնդմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև ներկայացրել են իրենց տարածաշրջաններում խաղաղությանը և համագործակցությանն ուղղված ջանքերը:

Պատգամավորները պատրաստակամություն են հայտնել աջակցելու Հայաստանում ժողովրդավարության հետագա ամրապնդմանը, տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ծրագրերում:

Ամփոփելով՝ հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին արդյունավետ քննարկում ծավալելու, իրենց օգտակար դիտարկումներն ու հաջողված փորձը ներկայացնելու համար:

293