Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն՝ շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Գևորգ Բալայանի, աշխատակազմի քաղաքաշինության և տեղական ինքնակառավարման բաժնի վարիչ Արարատ Սուլեյմանյանի, Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանի, շինարարական ընկերությունների պատասախանատուների մասնակցությամբ:

Խորհրդակցության օրակարգում Մարտունի քաղաքում և Մարտունու շրջանում պատերազմի հետևանքով վնասված բնակելի շենքերի, տների, վարչական շենքերի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքների և հետագա անելիքների մասին հարցն էր:

Շրջվարչակազմի ղեկավարը խորհրդակցության սկզբին նշեց, որ բոլորի առաջ շատ կարևոր խնդիր է դրված՝ հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի օր առաջ վերականգնվեն ավերածությունները և մարդիկ կարողանան բնակություն հաստատել իրենց բնակարաններում, նաև վերադառնան իրենց աշխատավայրեր: Շինարարության իրականացման համար անհրաժեշտ նյութերն ու միջոցները կան, մնում է ներգրավել ավելի շատ շինարարների ու արագացնել ընթացքը, աշխատել համակարգված և արագ տեմպերով:

Գ.Բալայանը և Ա.Սուլեյմանյանը ներկայացրեցին իրականցվող շինաշխատանքների ընթացքի և վնասված շենքերի մասին, շեշտելով, որ յուրաքանչյուր ընկերություն պետք է մեծ պատասխանատվությամբ վերաբերվի իր կողմից հանձն առված աշխատանքների ու պարտավորությունների հանդեպ, աշխատի ժամանակին և պահանջվող որակով:

Մարտունու քաղաքապետը, խոսելով ներկայացված բնակելի շենքերի ու տների ցուցակի մասին, հատկանշեց բնակիչների կարգավիճակային առաջնահերթությունը, որով առաջնորդվել են հերթացուցակը կազմելու ժամանակ:

Խորհրդակցության ընթացքում Ա.Մելքումյանն անդրադարձավ նաև շրջանի այլ բնակավայրերում առկա վնասված տներին ու շինություններին, այս ուղղությամբ հետագա անելիքներին:

[Ամարաս թերթի գլխավոր խմբագիր Կարինե Դադամյան]

1239