Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մահացել է արձակագիր, ազգագրագետ, բանահավաք, բանագետ, հրապարակախոս, ՀԳՄ անդամ Սերգեյ Վարդանյանը։ Այս մասին հայտնել է որդին։

«Խորը ցավով տեղեկացնում եմ, որ մահացել է սիրելի հայրս՝ Սերգեյ Վարդանյանը։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա 2025 թ. մայիսի 31-ին, ժամը 17։00-20։00, «ԼյուԱր» սգո սրահի N2 սրահում (ք. Երևան, Սիլիկյան խճուղի 18, Շահումյան գերեզմանոցի հարևանությամբ)։

Հուղարկավորությունը կկայանա նույն վայրից՝ հունիսի 1-ին, ժամը 13։00։

Սերգեյ Վարդանյանը ծնվել է 1952թ. նոյեմբերի 9-ին, Երևանում։

Ավարտել է ԵՄՀ բանասիրական ‎ֆակուլտետը։ Աշխատել է գրական և պարբերական մամուլում, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում։ Եղել է ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի փոխնախագահ (1991-2002թթ.)։ «Համշեն» հայրենակցական-բարեգործական ՀԿ փոխնախագահն է (1992թ.-ից), «Ձայն համշենական» թերթի գլխավոր խմբագիրը (2004թ.-ից)։ Նախաձեռնել է պատանեկան բանահավաքչական շարժում (1978թ.-ից), որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Աբխազիայի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի, Նախիջևանի, Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի հայկական դպրոցների աշակերտները և նրանց հավաքած բանահյուսական նյութերով լույս է ընծայել «Հրեղեն ձին» և «Թագավորի երազները» ժողովածուները։ Հայ ժողովրդի պատմության, մշակույթի, ազգագրության, բանահյուսության հարցեր արծարծող նրա հոդվածները թարգմանվել են անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն, սլովակերեն, թուրքերեն։

169