Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարդկանց բարեկեցությունը նկարագրող հիմնական ցուցանիշը 1 անձի հաշվով ՀՆԱ ցուցանիշն է: Այդ ցուցանիշը 2018 թվականին եղել է 4200 դոլար, 2024 թվականին՝ 8500 դոլար: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2024 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներին, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ապա եզրակացրեց, որ մարդը միջինում դոլարային արտահայտությամբ 2 անգամ ավելի շատ եկամուտ է ստացել 2024 թվականին 2018 թվականի համեմատությամբ:

«Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնենք, որ դրամը դոլարի նկատմամբ արժևորվել է որոշակիորեն՝ մոտավորապես մի 20 տոկոսով, և դրամային արտահայտությամբ՝ մոտ մի 30 տոկոսով, մարդիկ ավելի լավ են ապրում, որը, կարծում եմ, շատ էական է»,- ասաց նախարարը:

Վահե Հովհաննիսյանն անդրադարձավ այն դիտարկմանը, թե հարստությունը բաշխվել է միայն մի խումբ մարդկանց, այն է՝ ոչ համաչափորեն:

«Մենք տեսնում ենք, որ 2018 թվականից հետո աղքատության ցուցանիշն է բարելավվել, աղքատության խորությունը և սրությունն են բարելավվել: Մենք տեսնում ենք, որ Ջինիի ինդեքսն է բարելավվել: Այսինքն՝ այդ եկամուտների բաշխումն ավելի հավասարաչափ է տեղի ունեցել մեր հասարակության մեջ, այսինքն՝ կարելի է ասել, որ այս հարստությունը, որը Հայաստանը կուտակել է կամ կարողացել է ավելի մեծ հարստություն ստեղծել այս տարիների ընթացքում, այդ հարստությունը հիմնականում զգացել է մեր քաղաքացիների մեծամասնությունը:

Իհարկե չեմ ժխտում, որ Հայաստանում շարունակում են լինել թե՛ ծայրահեղ աղքատներ, թե՛ աղքատներ, և այս ուղղությամբ էլ մեր սոցիալական քաղաքականությունն ուղղված է այնպիսի ռեֆորմներ իրականացնելուն, որ սոցիալական աջակցության ծրագրերն ավելի հասցեական լինեն, չստանան այն մարդիկ, որոնք դրա կարիքը չունեն, ստանան այն մարդիկ, որոնք իրականում ունեն դրա կարիքը, որպեսզի դրա հետևանքով մենք կարողանանք ծայրահեղ աղքատությունը Հայաստանում ընդհանրապես վերացնենք»,- ասաց նա:

246