
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ես տեսնում եմ այդ հնարավորությունների պատուհանը, որ ստեղծված է և մեզ համար, և Ադրբեջանի համար՝ հասնել ինչ-որ վերջնական կարգավորման, պայմանագրի ստորագրման և հարաբերությունների աստիճանական կարգավորման։ Այս մասին, այսօր՝ հունիսի 5–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ շատերը աշխարհում կիսում են իր մոտեցումը։
Հարցին՝ Ադրբեջանը կհրաժարվի՞ իր պահանջից սահմանադրության մասով, նա պատասխանեց. «Մենք խոսում ենք խոսակցության ընթացքի մասին։ Քիչ առաջ ես ինքս էլ 1-2 դրվագով մեր դիրքորոշումը ներկայացրեցի և ինչ-որ առումով նաև խոսակցություն ունեցա իհարկե հեռավար ադրբեջանական կողմի հետ։ Հիմա մարդիկ ասում են՝ մենք կարծում ենք, որ ձեր սահմանադրության մեջ խնդիր կա։ Մենք ասում ենք՝ եթե ձեր մտահոգությունը տեղին է, անկեղծ է, ապա կա սա, սա, սա, և հետևաբար կարող եք լուծում գտնել այս ճանապարհով։ Կողքից կարող է թվալ, որ սա ընդամենը մի խոսակցություն է, մեկ օրվա, մեկ հանդիպման ընթացքում պարզելիք հարց է, բայց արի ու տես, որ ոչ։ Սա ընթացք է։ Այնուամենայնիվ, ամեն ինչով հանդերձ, ես ուզում եմ իմ վերջնական գնահատականը, որը քիչ առաջ հնչեցրեցի, վերահաստատել։ Ես կարծում եմ, որ այո, իսկապես իրական հնարավորություն կա շատ մոտ ապագայում հաստատել խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինստիտուցիոնալիզացված խաղաղություն, ստորագրել պայմանագիրը և գալ ընդհանուր հայտարարի այդ և հարակից մնացած հարցերի շուրջ։
Ինչքանով կարող է իրականանա այս իմ տեսած հնարավորը, դա իհարկե բոլորովին այլ հարց է։ Ուրիշ բան, որ Հայաստանի Հանրապետությունը իր կողմից ամեն ինչ անում է, որ այդ սցենարով էլ ամեն ինչ անում է»,– ընդգծեց ԱԳ նախարարը։