
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Արդարադատության նախարարության մասով Կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրով սահմանված միջոցառումների իրականացման նպատակով 2024-ին ՀՀ պետբյուջեից տրամադրվել է 24,2 միլիարդ դրամ, իսկ կատարողականը կազմել է 99.4 տոկոս: Նախորդ տարվա համեմատ նախարարության ծախսերը նվազել են 4.8 տոկոսով կամ 1,2 միլիարդ դրամով:
Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ներկայացնելով արդարադատության նախարարության հաշվետվությունը ՀՀ 2024 թվականի պետբյուջեի կատարման վերաբերյալ:
«2023-ի համադրելի ցուցանիշի համեմատ արդարադատության նախարարության ծախսերում արձանագրվել է 3.4 տոկոսի՝ 860,5 միլիոն դրամի նվազում, որը հիմնականում պայմանավորված է հակակոռուպցիոն քաղաքականության մշակում ծրագրերի համակարգում և մոնիթորինգի իրականացում, քրեակատարողական ծառայություններ և արդարադատության ոլորտում քաղաքականության մշակում/ծրագրերի համակարգում, խորհրդատվության և մոնիթորինգի իրականացում ծրագրերի շրջանակում կատարված ծախսերի նվազմամբ»,- հայտնեց Գալյանը:
Նախարարության պատասխանատվությամբ իրականացվել է 8 ծրագիր: Արդարադատության ոլորտում քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման, խորհրդատվության և մոնիթորինգի իրականացման ծրագրերի շրջանակներում 2024-ին օգտագործվել է 2,3 միլիարդ դրամ՝ 99.6 տոկոսով ապահովելով ծրագրված ցուցանիշը:
Նախարարի խոսքով՝ 2023-ին միջոցներ էին հատկացվել Հայաստանում նոր ստեղծվող արբիտրաժային կենտրոնի նյութատեխնիկական, ներառյալ շենքային պայմանների ապահովման նպատակով:
«2024-ին վարույթ ընդունված գործերի թիվը 31.830-ն է, որից քրեական գործերի թիվը՝ 23.910, իսկ քաղաքացիականը, համապատասխանաբար, մյուս մասը»,- տեղեկացրեց Սրբուհի Գալյանը:
Քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների բարելավման նպատակով տրամադրվել է 55,8 միլիոն դրամ, որը կազմել է ծրագրված ցուցանիշի 43.3 տոկոսը: Ըստ նախարարի՝ ցածր կատարողականը պայմանավորված է նրանով, որ նոր քրեակատարողական հիմնարկի նախագծի մշակման ընթացքում առաջացել են որոշակի խնդիրներ, որոնց պատճառով աշխատանքները դադարեցվել են, բացի դրանից՝ վերանորոգման աշխատանքների կատարման ընթացքում առաջացած բարդություններով պայմանավորված՝ 30 օրով հետաձգվել է նաև «Աբովյան» ՔԿՀ-ի վերանորոգման պայմանագրի ավարտման ժամկետը:
Նախարարը հավաստիացրեց՝ ՔԿՀ-ներում բարելավվել են դատապարտյալների պահման պայմանները, մասնավորապես «Արմավիր» ՔԿՀ-ում լուծվել է 24-ժամյա ջրամատակարարման հարցը, վերանորոգման աշխատանքներ են իրականացվել նաև «Արթիկ», «Վարդաշեն», «Նուբարաշեն» և «Վանաձոր» ՔԿՀ-ներում, «Աբովյան» ՔԿՀ-ում կառուցվել է մոր և մանկան բաժանմունք, ներկայումս նախատեսված խցերի և կացարանների սանհանգույցներն ու լոգարանները հարմարեցված են հղի կնոջ և մինչև 3 տարեկան երեխաների առանձնահատուկ պահանջներին:
«Բացի դրանից՝ «Աբովյան» ՔԿՀ-ում վերակառուցվել են ամբողջությամբ երկու նոր մասնաշենքեր՝ միջազգային ստանդարտներին համապատասխան:
2024 թվականի 4-րդ եռամսյակում ներդրվել է ՔԿՀ-ների կարիքների գնահատման և կառավարման էլեկտրոնային ծրագիր՝ ազատազրկված անձանց հեռախոսակապի իրավունքը կայուն ապահովելու նպատակով բոլոր 10 ՔԿՀ-ներում ներդրվել են նոր հեռախոսներ և հեռախոսակապի միջոցներ: Հայտարարված մրցույթի արդյունքում ձեռք են բերվել նաև պլանշետներ, որոնք բաժանվել են ըստ ՔԿՀ-ների՝ նպատակ ունենալով ապահովել անձանց տեսակապի իրավունքը:
Դատապարտյալների և կալանավորված անձանց ուղեկցումն ապահովելու համար ձեռք են բերվել 2՝ հատուկ նշանակության հարմարեցված մեքենաներ»,- տեղեկացրեց նախարարը: