
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ինչպես արդեն տեղեկացվել է, հունիսի 11-ին՝ ժամը 08։34-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել՝ Ճամբարակ քաղաքի շենքերից մեկում բռնկված հրդեհի վերաբերյալ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատներ, փրկարարական աշխատանքներ իրականացնող խմբեր, հոգեբանական աշխատանք իրականացնող ծառայողներ։
Տեղեկացվել է նաև, որ նշված փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն, որն ուղեկցվել է փլուզումով։ Փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները, մասամբ՝ նաև կից մուտքի բնակարաններ։
Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ ՓԾ մեծաքանակ ուժեր Կոտայքի, Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, մարզային փրկարարական վարչություններից, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից։ Տեղում աշխատանքները ղեկավարում է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։
Զոհերի թիվը հասել է չորսի․ ժամը 14։48-ի դրությամբ փրկարարները հայտնաբերել և փլատակներից դուրս են բերել տղամարդու դի։
Պայթյունի հետևանքով, ընդհանուր առմամբ, հոսպիտալացվել է 11 տուժած: Կազմակերպվել է է նրանցից 3-ի տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ:
Տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության և բավարար, բոլորը ստանում են համապատասխան բուժօգնություն:
Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, վաղ առավոտյան Ճամբարակ քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքների վերացման կապակցությամբ մարզպետ Կարեն Սարգսյանը հրատապ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ճամբարակում։
Մարզպետի որոշմամբ անմիջապես ստեղծվել է կարիքները գնահատող աշխատանքային խումբ, որն արդեն մի քանի ժամ է՝ աշխատում է դեպքի վայրում։
Ժամը 16։30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Ճամբարակի համայնքապետարանի ուժերով աշխատանքային խումբը իրականացնում է վթարված շենքի բնակիչների տեղավորման, կացարաններով ապահովման աշխատանքներ, կազմակերպում նրանց սննդի, անհրաժեշտության դեպքում՝ նաև դեղորայքով ապահովման աշխատանքներ։
Մարզպետի կողմից հանձնարարվել է նաև` որոնողական աշխատանքներում ներգրավել հավելյալ շինտեխնիկա՝ փրկարարական և վերականգնողական աշխատանքներին օժանդակելու նպատակով։