Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի անդամները հունիսի 12-ին հանդիպել են Լատվիայի Հանրապետության Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

 

 

 

Ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում՝ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը նշել է, որ երկու երկրների միջև առկա են ջերմ բարեկամական կապեր:

 

Խոսելով միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման մասին՝ Արսեն Թորոսյանը շեշտել է գործող խորհրդարանական բարեկամական խմբերի միջև կապերի և փոխհամագործակցության ակտիվացման հարցը:

Գունարս Կուտրիսը եւս շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Միջպետական հարաբերությունները խորացնելու գործում նա կարևորել է խորհրդարանական դիվանագիտությունն ու պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը:

 

Արսեն Թորոսյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերաբերյալ: Հյուրերին ներկայացվել է Հայաստանի կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

 

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերին: Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Բալթյան երկրներին Հայաստան-ԵՄ ինտեգրման հարցում աջակցության համար:

 

Բարեկամական խմբի անդամներն ընդգծել են, որ մի շարք ոլորտներում առկա է չիրացված մեծ ներուժ, և առաջիկա համատեղ անելիքները պետք է միտված լինեն համագործակցության ակտիվացմանը:

 

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի անդամներ Հռիփսիմե Հունանյանը, Մարինա Ղազարյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Անուշ Քլոյանը, Նարեկ Բաբայանը և Միքայել Թումասյանը:

170