
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ամեն տարի հունիսի 14-ին աշխարհը նշում է Արյան դոնորի համաշխարհային օրը՝ հանրությանը մեկ անգամ ևս հիշեցնելու արյան դոնորության կարևորության մասին, շնորհակալություն հայտնելու մշտական դոնորներին և այն մարդկանց, որոնք իրենց արյունն անվարձահատույց ու անշահախնդիր նվիրում են՝ փրկելով կյանքեր։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Արյան պաշարների առկայությունն առողջապահության համակարգի անվտանգության առանցքային բաղադրիչներից է, իսկ արյան դոնոր լինելը՝ քաղաքացիական բարձր գիտակցության ու մարդասիրության վառ դրսևորում։
Տարեցտարի նկատվում է անհատույց դոնորների բացարձակ թվի աճ: 2024 թ. ընթացքում Հայաստանում իրականացվել է 23600 արյունատվություն, որից 10,6%-ը՝ անհատույց: Սակայն պետք է հիշել` արյան կարիք մշտապես կա՝ ամեն օր։
Դոնորությունը յուրաքանչյուր առողջ մարդու ներդրումն է ուրիշի կյանքի համար:
Հիշեցնենք, որ այսօր ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում և կենտրոնի Արյան բանկի 5 մարզային բաժանմունքներում առավոտից մեկնարկել է արյուն նվիրելու նախաձեռնությունը, որն ուղղված է արյան անհատույց դոնորության մշակույթի զարգացմանը։