
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը միջազգային իրավունքի վերջին կարմիր գիծն է, որը հատել է սիոնիստական ռեժիմը, և եթե միջազգային հանրությունն անտարբեր լինի այդ կարմիր գծի նկատմամբ, ապա դրա հետևանքները, անշուշտ, կազդեն մյուս բոլոր երկրների վրա: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:
«Մենք ակնկալիքներ ունենք միջազգային հանրությունից, որպեսզի դատապարտի միջուկային օբյեկտների վրա հարձակումը, պատժվի սիոնիստական ռեժիմը այդ գործողության համար»,- ասաց դեսպանը:
Մեհդի Սոբհանին նաև հայտարարեց, որ իրանական կողմը չի ցանկանում պատերազմը սրել, եթե այն չպարտադրվի Իրանին:
«Մենք հստակորեն հայտարարում ենք, որ չենք ձգտում պատերազմի սրմանը, բայց պատրաստ ենք ցանկացած սցենարի: Մենք չենք ցանկանում պատերազմը սրվի, եթե այն մեզ չպարտադրվի: Մենք չենք ցանկանում, որ այս պատերազմը տարածվի այլ երկրներում կամ տարածաշրջանում, եթե այն մեզ չպարտադրվի: Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանում կպահպանի իր հռչակած կարմիր գծերը և չի շեղվի դրանցից: Փորձվածը փորձելը սխալ է:
Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի Կառավարությանը այս ագրեսիան դատապարտելու վճռական դիրքորոշման համար, և բարձր ենք գնահատում Հայաստանի ազնիվ ժողովրդին զորակցության և աջակցության համար: Մենք զգում ենք հայ ժողովրդի հոգևոր աջակցությունը:
Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Իրանը»,- ասաց նա: