Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 14-ին Չինաստանի Չենդու քաղաքում կայացել է Կենտրոնական Ասիայի կին ձեռնարկատերերի փորձի փոխանակման համաժողովը, որին մասնակցել է «Իմ Քայլը» հիմնադրամի պատվիրակությունը։ Հանդիպումը կազմակերպվել է Սիչուանի կանանց ֆեդերացիայի նախաձեռնությամբ՝ միջազգային համագործակցության ամրապնդման և փորձի փոխանակման նպատակով։

Այս մասին հայտնել է հիմնադրամը:

«Հիմնադրամի «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի անցյալ տարվա փուլային նախագծի 13 կին շահառուներ հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց արտադրանքն ու գործունեությունը համաժողովի մասնակից օտարերկյա գործընկերներին, ովքեր ևս զբաղվում էին բիզնես գործունեությամբ: Այսպիսով` համաժողովը դարձավ կարևոր հարթակ՝ միջազգային կապերի ստեղծման, գիտելիքի փոխանակման և ապագա համագործակցությունների քննարկման համար։

Հանդիպման ավարտին Սիչուանի կանանց ֆեդերացիայի փոխնախագահ Թանգ Ուենյանը `որպես հյուրընկալող կողմ, շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին համաժողովին ներկա գտնվելու համար: Նա բարձր գնահատեց այս հնարավորությունը՝ կարևորելով միջազգային փորձի և մշակութային փոխըմբռնման նշանակությունը սեփական բիզնեսի զարգացման գործում։

Համաժողովից բացի, հունիսի 13-15-ը ծրագրի շրջանակում իրականացվեցին մի շարք ճանաչողական, տեղեկատվական հետաքրքիր այցելություններ։ Մասնակիցները այցելեցին Չենդուի Հսկա պանդաների բուծման գիտահետազոտական կենտրոն, ինչպես նաև Սիչուանի կանանց և երեխաների կենտրոն, որտեղ ոչ միայն ծանոթացան կենտրոնի գործունեությանը, այլև ուսումնասիրեցին չինական թեյախմության մշակույթը՝ որպես ազգային մշակութային արժեք։Պատվիրակությունը այցելեց նաև Xuliaoyuan Ժամանակակից դիզայնի և արվեստի թանգարան: Ունեցավ հետաքրքիր շրջայց թանգարանի ամբողջ տարածքով և ավարտեց այն լաքապատ հովհարի պատրաստման վարպետաց դասով։

Հունիսի 15-ին պատվիրակության անդամները այցելեցին տարածաշրջանի խոշորագույն ըմպելիք արտադրող ընկերություններից մեկի` Blue Sword-ի արտադրամաս: Այստեղ նրանք ծանոթացան արտադրական պրոցեսին՝ հումքից մինչև փաթեթավորում, արտադրական գծերից մինչև որակի վերահսկման։ Այս փորձառությունը հատկապես արժեքավոր է փոքր բիզնես ունեցող կանանց համար, քանի որ օգնում է ավելի լայն մտածել, տեսնել կայացած, մրցունակ արտադրություններ և ձգտել հասցնել սեփական գործունեությունը նոր մակարդակի:

Այս մեկշաբաթյա բազմաբովանդակ ծրագիրը ոչ միայն հարստացրեց մասնակիցների գիտելիքները, այլև ընդգծեց վերապատրաստման և ինքնակրթության կարևորությունը՝ որպես կայուն զարգացման հիմք։ «Իմ Քայլը» հիմնադրամի պատվիրակության այցը, որը կազմակերպվել էր «Համաչինական կանանց ֆեդերացիայի» հետ հաջողված համագործակցության շրջանակում, ևս մեկ անգամ ապացուցեց հիմնադրամի հանձնառության արդյունավետությունը` խթանել շահառուների անձնական աճը ոչ միայն նյութական, այլև գիտելիքահեն ճանապարհով։

Մասնակիցները Հայաստան վերադառնալուն պես պատրաստակամություն են հայտնել կիսվել իրենց ձեռք բերած փորձառությամբ և խորհուրդներով առաջիկայում Չինաստան մեկնել պատրաստվող խմբերի հետ՝ ձևավորելով շարունակական աճի և կրթության շղթա», ասված է հաղորդագրության մեջ։

115