Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանը սպասում էր Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա հարձակմանը, ուստի նախապես իրականացրել էր տարհանում, օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել. այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին։

«Իրանի տեսանկյունից ոչ մի զարմանալի բան տեղի չի ունեցել։ Իրանը մի քանի օր է, ինչ սպասում է Ֆորդոյի վրա հարվածների։ Այս միջուկային օբյեկտը տարհանվել է, և այսօրվա հարձակման ժամանակ միջուկային օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել», - գրել է Մոհամմադին իր էջում։

Նշենք, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով «Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների» վրա։ Նա ասել է, որ Միացյալ Նահանգների կողմից հարձակումը կունենա երկարաժամկետ հետևանքներ։

«ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ պետք է տագնապած լինի այս չափազանց վտանգավոր, անօրինական և հանցավոր վարքագծից։ ՄԱԿ-ի կանոնադրության և դրա դրույթների համաձայն, որոնք թույլ են տալիս օրինական ինքնապաշտպանություն, Իրան իրեն վերապահում է բոլոր տարբերակները՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը, շահերը և ժողովրդին», - գրել է Արաղչին X սոցիալական ցանցում։

Միևնույն ժամանակ, Իրանը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարել։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի երեք միջուկային օբյեկտների: Նրա խոսքով՝ ռմբակոծությանը մասնակցած ինքնաթիռներից մեկը «ռումբերի լիքը բեռ» է նետել Ֆորդոյի ուրանի հարստացման գործարանի վրա: Ֆորդոյի հետ մեկտեղ հարվածի են ենթարկվել Նաթանզի և Սպահանի օբյեկտները: Այսպիսով, ԱՄՆ-ն միացել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությանը:

«Բոլոր ինքնաթիռները անվտանգ վերադառնում են տուն։ Շնորհավորում ենք մեր մեծ ամերիկացի զինվորներին։ Աշխարհում չկա որևէ այլ զինված ուժեր, որը կարող է դա անել», - գրել է նա Truth Social-ում։ Թրամփը հավելել է, որ «հիմա խաղաղության ժամանակն է»։

«Սա  պատմական պահ է ԱՄՆ-ի, Իսրայելի և աշխարհի համար. Իրանը հիմա պետք է համաձայնվի ավարտի այա պատերազմը», - գրել է Թրամփը:

Նա հավելել է, որ «ԱՄՆ-ն պատրաստ է կրկին հարված հասցնել, եթե Իրանի հարցը չլուծվի»։

«Կա՛մ խաղաղություն կլինի, կա՛մ Իրանը կբախվի շատ ավելի լուրջ ողբերգության», - նշել է ԱՄՆ նախագահը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի դեմ Իրանի ցանկացած պատասխան  հանդիպելու է ավելի մեծ ուժի, քան այն ինչ տեղի ունեցավ այսօր:

459