Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Կառուցելով սոցիալական դիմակայունությունը. պետական ծրագրում պարենային քարտի ներդրման Հայաստանի ուղին և ավելին» խորագրով միջոցառման շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհակալագիր է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանյան գրասենյակի ղեկավար և ներկայացուցիչ Նաննա Սկաուին Հայաստանի պետական ծրագրերում պարենային քարտերի մեխանիզմի ներդրման աշխատանքում ԱՍՀ նախարարության հետ արդյունավետ համագործակցության համար։

Նախարարը շնորհակալություն է հայտնել տկն Սկաուին Հայաստանում իր կատարած արդյունավետ և նշանակալի աշխատանքի, ինչպես նաև ՊՀԾ-ի և նախարարության միջև կառուցողական ու ամուր համագործակցության համար՝ մաղթելով հաջողություններ հետագա գործունեության մեջ։

Բուն հարակից միջոցառումը նվիրված է եղել պետական ծրագրում պարենային քարտի ներդրման Հայաստանի առաջընթացին՝ որպես սոցիալական դիմակայունության և սոցիալական պաշտպանության ենթակառուցվածքների ամրապնդման ավելի լայն ռազմավարության մաս։ Անդրադարձ է արվել նաև Հայաստանի հրատապ արձագանքման ծրագրերի համատեքստում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կատարած աշխատանքին՝ ՊՀԾ-ի հետ համատեղ էլեկտրոնային քարտերի (e-քարտերի) նորարարական տեխնոլոգիայի փորձարկման գործում։

Բանախոսել են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանյան գրասենյակի ղեկավար և ներկայացուցիչ Նաննա Սկաուն, ՅՈՒՆԻՍԵՖ-ի սոցիալական քաղաքականության մասնագետ Արմենուհի Հովակիմյանը, ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության առաջին տեղակալ Անի Չիլինգարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տարածքային կառավարման վարչության պետ Աննա Իվանյանը։ Քննարկումը վարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։

Մասնակիցները ներկայացրել են իրենց տեսլականն այն մասին, թե ինչպես է Հայաստանը ձևավորում ճկուն, ներառական և հեռանկարային սոցիալական պաշտպանության մոդելներ, որոնք նպատակ ունեն ապահովել համայնքների դիմակայունությունը և բարեկեցությունը՝ հատկապես սոցիալական և տնտեսական մարտահրավերների պայմաններում։

77