Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում տեղի ունեցած հերթական հանդիպմանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի՝ որպես հանդիպման մասնակից գրանցված լրագրողի հարցին, հերքել է խոսակցություններն այն մասին, թե որպես վարչապետ օգտագործելով իր լծակները, ձեռք է բերում հոգևորականների անձնական կյանքի մասին տվյալներ:

 Նիկոլ Փաշինյանը նախ ընդգծել է, որ ինքը խնդիր չունի հոգևորականների հետ, իսկ նրանց խնդիրն Աստծո հետ է:

Նա աբսուրդ է համարել, որ կաթողիկոսը կարող է ունենալ անձնական կյանք:

«Իմ կարծիքով՝ մեր հոգևորականների պրոբլեմն Աստծո հետ է, ինձ հետ ոնց կարող են պրոբլեմ ունենալ։ Իրենք կուսակրոն քահանաներ են: Կուսակրոնությունը ստանձնելիս, իրենք ծնկի են գալիս Մայր Աթոռի՝ Հիսուս Քրիստոսի իջման վայրում և ուխտում են, ուխտագիր են ստորագրում, որ  չեն ունենալու անձնական կյանք։ Հասկանում եք, աբսուրդ է «կաթողիկոսի անձնական կյանք» բառակապակցությունը։  Եթե մարդն ունի անձնական կյանք, ինքը կաթողիկոս չէ»,- ասել է Փաշինյանը։

Անդրադառնալով հոգևորականների և նրանց մասին օպերատիվ տեղեկությունների ձեռքբերման օրինականությանը, վարչապետը հիշեցրել է, որ, մասնավորապես, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ նույն առիթով նախկինում էլ եղել է օպերատիվ գործ:

 «Այդ օպերատիվ տվյալները ձեռք են բերվել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով: Ոչ թե գործ է բացվել եկեղեցականների դեմ, այլ նրանք իրենց ակնհայտ գործողություններով հայտնվել են օպերատիվ ուշադրության կենտրոնում: Երբ օպերատիվ գործ է արվում, ապա մարդուն սկսում են հետազոտել՝ նրա կապերը, և այլն ու այդպես շարունակ: Եթե այդտեղ շարունակ տվյալ է բացահայտվում, ապա այն չենք կարող ուղղակի ջնջել»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այդ օպերատիվ միջոցառումն իրականացրած մարմինը՝ Ազգային անվտանգության ծառայությունը, վարչապետին ենթակա մարմին է, որն ամեն օր իրեն զեկուցում է հանրապետությունում օպերատիվ իրավիճակի մասին, որի մեջ  անվտանգության և դրան հարակից խնդիրներ կան, ուստի այդ ամենն, ինքը, բնականաբար, չէր կարող չիմանալ, ինչը նույնպես բացարձակապես օրինական է:

Ինչ վերաբերում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ հարուցված քրեական գործին, վարչապետը նկատել է, որ ըստ ՀՀ գլխավոր դատախազության հայտարարության, նրա նկատմամբ հարուցված քրեական գործի առիթներից մեկը, ոչ թե 2024 թվականի փետրվարին կամ 2022 թվականի սեպտեմբերին արված հայտարարություններն են, այլ 2025 թվականի հունիսի 25-ին արվածը, որով ինքը վերահաստատել է նախկինները:

«Դա ինքն արել է Բագրատ Գալստանյանի ղեկավարած ահաբեկչական խմբի բացահայտման օրը և այդ առիթով մեկնաբանություն տալիս՝ արտահայտելով իր աջակցությունը բացահայտված ահաբեկչական խմբին: Մարդիկ կարող են անել էմոցիոնալ հայտարարություններ, բայց դա չի նշանակում, որ նա այդպիսի հայտարարություն արեց, ուրեմն իրեն պետք է անմիջապես դատել, այլ կոնտեքստ ունի հարցը, պետք է համոզվել այդ մարդն ուղղակի էմոցիոնալ բան է ասել, թե ուղղակի մտածված»,- համոզմունք է հայտնել վարչապետը՝ հավելելով, որ դատախազության հաղորդագրության մեջ խոսվել է օրեր առաջ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի արած հայտարարության մասին, որն, ըստ էության, վերաշարունակական է ու գիտակցված: 

«Հիմա ոչ մեկի մոտ չի կարող կասկած լինել, որ ինքն էմոցիոնալ է արել, որովհետև մի անգամ կարող է անել երկու անգամ, բայց երրորդ անգամ ասել՝ ի պաշտպանություն ձևավորած ահաբեկչական խմբի…  հայրենիքը՝ պետություն է, իսկ պետությունը  պետք է արձանագրի»,-համոզմունք է հայտնել Փաշինյանը:

233