Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանին ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը։

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանի ներկայացմամբ՝ քվեարկությանը մասնակցել է 62 պատգամավոր 107-ից, և բոլորը կողմ են քվեարկել միջնորդությանը։

Ըստ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ներկայացրած հիմնավորման՝ Արթուր Սարգսյանը հանդիսանում է հանցավոր խմբի անդամ։ Միջնորդագրում ներկայացված տվյալների համաձայն՝ 2025 թվականի հունվարից սկսած, շարժման շրջանակներում հավաքագրվել են ավելի քան 2 հազար անձինք, որոնց ներառմամբ ձևավորվել են մի շարք հարվածային խմբեր։

Միջնորդագրում տեղ գտած գաղտնալսումների համաձայն՝ Սարգսյանը շարժման այլ ղեկավարների հետ քննարկել է անկարգությունների և հասարակական կարգի խախտման հնարավոր սցենարներ՝ ներառյալ փողոցների արգելափակում, երթևեկության կաթվածահարում և զանգվածային գործողություններ։ Ներկայացվել են նաև կոնկրետ հանձնարարություններ և անձնական պատասխանատվության օրինակներ, որոնց համաձայն՝ Սարգսյանն, իբր, պարտավորվել է ապահովել 10 մասնակից:

Գլխավոր դատախազը նշել է, որ քննչական մարմնի տրամադրության տակ կան բավարար հիմքեր՝ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և կալանավորելու համար։

Այս որոշմամբ ԱԺ-ն տվել է իր համաձայնությունը պատգամավորի անձեռնմխելիությունը վերացնելու համար՝ թույլ տալով իրավապահ մարմիններին շարունակել գործընթացը քրեական հետապնդման շրջանակներում։

243