Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Երևանյան կրկես»-ի։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ «Դատալեքս» հարթակից։ Հայցվորը խնդրում է լուծել իր և գնորդի միջև 2006 թվականի փետրվարի 14-ին կնքված և 2006 թվականի ապրիլի 20-ին նոտարական կարգով վավերացված պետական գույքի օտարման թիվ 356-Օ պայմանագիրը, գնորդի և պատասխանողի միջև 2006 թվականի հունիսի 22-ին նոտարական վավերացմամբ կնքված ներդրման պայմանագիրը, հայցվորի և պատասխանողի միջև 2006 թվականի դեկտեմբերի 8-ին կնքված և 2006 թվականի դեկտեմբերի 20-ին նոտարական կարգով վավերացված գրավի պայմանագիրը, հայցվորի և պատասխանողի միջև 2011 թվականի օգոստոսի 13-ին կնքված և նոտարական կարգով վավերացված պայմանագիրը և որպես այդ պայմանագրերի լուծման հետևանք՝ անվավեր ճանաչել ՀՀ ք. Երևան, Կենտրոն համայնք, Ագաթանգեղոսի 1 հասցեում գտնվող 6070.0 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքի, 180.9 քառակուսի մետր մակերեսով օժանդակ շինության և դրանց զբաղեցրած 0. 57598 հա մակերեսով հողամասի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումներն ու գրանցամատյանի գրառումները։  

Հայցվորը նաև խնդրում է, որ  գնորդին սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ ք. Երևան, Կենտրոն համայնք, Ագաթանգեղոսի 1 հասցեում գտնվող 6070.0 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը, 180.9 քառակուսի մետր մակերեսով օժանդակ շինությունը և դրանց զբաղեցրած 0. 57598 հա մակերեսով հողամասը բռնագանձում տարածելու միջոցով առգրավվեն  հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեի՝ այդ Գույքի նկատմամբ ճանաչելով Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։ Նաև՝  ՀՀ ք. Երևան, Կենտրոն համայնք, Ագաթանգեղոսի 1 հասցեում գտնվող 6070.0 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը, 180.9 քառակուսի մետր մակերեսով օժանդակ շինությունը և դրանց զբաղեցրած 0. 57598 հա մակերեսով հողամասը վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ՀՀ ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեի։ Պատասխանողից հայցվորը պահանջում է նաև  հօգուտ իրեն բռնագանձել իր կողմից նախապես վճարած 200 000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը։

Դեռ 2005 թվականին պետական գույքը ներկայացվել էր օտարման. մրցույթը հաղթել էր «Երևանյան կրկես» ընկերությունը, որի 76.5 տոկոսի սեփականատերը «Տաշիր կապիտալն է», այն պատկանում է ռուսաստանցի գործարար, այժմ կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի եղբորորդուն՝ Նարեկ Կարապետյանին: 2006-ին ընկերությունը ստանձնել էր 650 մլն դրամի պարտավորություններ՝ 2013-2015 թվականներին միջազգային ստանդարտներին համապատասխանող կրկեսի նոր շենքի կառուցման, ջեռուցման և հովացման համակարգերի ներդրման, անհրաժեշտ սարքավորումների և արդիականացման աշխատանքների իրականացման նպատակով: Կնքված պայմանագրում նշված են եղել ներդրումները ըստ փուլերի, սակայն շենքի շինարարության ավարտը չի հստակեցվել: Ենթադրվում էր, որ այն պետք է պատրաստ լիներ 2015 թվականին, սակայն ընթացքում նախագիծը մի քանի փոփոխությունների է ենթարկվել, ավարտն էլ երկարաձգվել. սահմանված վերջին ժամկետը 2021 թ.-ն էր:

Փաստացի, սակայն, սահմանված ժամկետում ընկերությունը չի կարողացել կատարել պայմանագրով ստանձնած  պարտավորությունները։

 

 

 

578