
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Կառավարության շենքի տարածքում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում կրկին անդրադարձել է վարչապետի այն գրառմանը, որով Կառավարության ղեկավարն ընդգծել էր՝ Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։
Չախոյանը պարզաբանեց․
«Դա նշանակում է, որ իրավապահները իրավասու են գործել ցանկացած տարածքում օրենքով իրենց տրված լիազորությունների շրջանակում։ Դա ընդամենը հայտարարություն էր, որ իրավապահները կաշկանդված չեն, և սահմանափակված չեն որևիցե տարածքում իրենց տրված լիազորությունների շրջանակում գործողություններ իրականացնելու»:
Ըստ նրա՝ եթե դա ցուցում լիներ, դա կլիներ հեռախոսազանգով, և դրա մասին հանրային ձևով հայտարարություն չէր լինի․ «Ես հերքում եմ, որ ցուցում կար»։
Հիշեցնենք՝ հունիսի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, նկատելով, որ եթե Կտրիճ Ներսիսյանը Վազգեն Գալստանյանի և Գևորգ Աջապահյանի կալանավորումը ապօրինի է համարում, ուրեմն կիսում է ռազմական հեղաշրջում անելու, մարդկանց պատերի տակ գյուլլելու, երկրում քաոս ստեղծելու վերը նշված անձանց գաղափարաբանությունն ու պլանները։
«Առավել ևս այս պարագայում Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել, մանավանդ որ Կտրիճի և մի քանի այլ անձանց շնորհիվ այդ տարածքները փակ չեն շնության համար»,- հավելել էր նա։