Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շտապողականությունը կարող է կյանք արժենալ․ Ոստիկանությունը հորդորում է ճանապարհն անցնել դրա համար նախատեսված հատվածներով:

«Որպես ճանապարհային երթևեկության լիիրավ մասնակիցներ՝ հետիոտների իրավունքներն ու պարտականությունները ամրագրված են օրենսդրությամբ։

Օրինակ՝ հետիոտն ունի ճանապարհը սահմանված հատվածով անցնելու, հետիոտնային անցման ժամանակ առաջնահերթություն ունենալու և մի շարք այլ իրավունքներ։

Միևնույն ժամանակ նա պարտավոր է ճանապարհն անցնել միայն թույլատրելի հատվածներով, չխոչընդոտել տրանսպորտային միջոցների երթևեկությանը, հետևել սահմանված կանոններին, ենթարկվել լուսացույցի և երթևեկությունը կարգավորողի ցուցումներին և այլն։

Սակայն երբ այս շղթայի որևէ օղակում տեղի է ունենում խախտում, դրա հետևանքները կարող են լինել ծանր, երբեմն նույնիսկ ողբերգական։

2025 թվականի հունվարի 1-ից հուլիսի 1-ը Հայաստանում արձանագրվել է 526 վրաերթի դեպք, 33 հոգի մահացել է, 536-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Վրաերթի 4 դեպք տեղի է ունեցել հետիոտնային անցումների վրա։

Կարևոր է հիշել, որ նույնիսկ հետիոտնային անցումներով անցնելիս անհրաժեշտ է զերծ մնալ ականջակալների, հեռախոսների և այլ սարքերի օգտագործումից, որոնք կարող են շեղել ուշադրությունը։

Խնդրի կարևորության գիտակցման մակարդակը բարձրացնելու նպատակով ՆԳ նախարարությունը հանրության շրջանում իրականացնում է իրազեկման-բացատրական աշխատանքներ։

Մասնավորապես, Պարեկային ծառայության ուշադրության կենտրոնում են երթևեկության բոլոր մասնակիցները, այդ թվում՝ հետիոտները, որոնց հետ ևս պարեկները պարբերաբար նախազգուշացնող և բացատրական աշխատանքներ են կատարում՝ երթևեկության կանոնների պատշաճ պահպանման համար։

ՊԾ պետի տեղակալ Արման Չիլինգարյանի խոսքով՝ այն իրավախախտները, որոնք շրջանցում են ճանապարհային երթևեկության կանոնները, օրինակ՝ անցնելով ճանապարհը դրա համար չնախատեսված հատվածով, չեն ենթարկվում լուսացույցի կամ կարգավորողի ցուցումներին կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության։

Այս տարվա հունվարի 1-ից հուլիսի 1-ը տուգանվել է 3112 հետիոտն՝ փողոցը ոչ թուլատրելի հատվածով անցնելու համար։

Այս առումով ոստիկանության խնդիրը վարչարարություն իրականացնելը չէ, այլ նույնիսկ վարչարարությամբ նպաստել քաղաքացիների իրավագիտակցության բարձրացմանը։

Հարգելի՛ քաղաքացիներ, Ոստիկանությունը հորդորում է խստորեն հետևել ճանապարհային երթևեկության կանոններին և փողոցն անցնել միայն թույլատրված հատվածներով՝ օգտվելով բացառապես հետիոտնային, վերգետնյա և ստորգետնյա անցումներից։

Հիշեք՝ ձեր անվտանգությունն առաջնահերթությունն է, շտապողականությունը կարող է կյանք արժենալ։ Մի՛ վտանգեք ձեր ու ձեզ շրջապատող մարդկանց կյանքն ու առողջությունը»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ:

231