
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Առանց միջնորդների երկխոսությունը Բաքվին և Երևանին թույլ տվեց հասնել շոշափելի առաջընթացի»:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ նշելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Աբու Դաբիում կայացած հանդիպումը կառուցողական է եղել և ուղիղ՝ առանց միջնորդների։
«Մենք կարծում ենք, որ այս ձևաչափը թույլ տվեց կողմերին հասնել շոշափելի առաջընթացի։ Մասնավորապես, դրական առաջընթաց է գրանցվել խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնեցման, ինչպես նաև սահմանների սահմանազատման գործընթացում։ Ընդհանուր առմամբ, դրական դինամիկա կա տարածաշրջանային կայունության ամրապնդման ուղղությամբ», - ասել է նա:
Նրա խոսքով՝ քննարկվել է պայմանագրի նախաստորագրման հնարավորությունը։
Հաջիևը կրկնել է արդեն ծեծված թեզն այն մասին, թե ստորագրմանը խոչընդոտում են Հայաստանի Սահմանադրության «հակասական կետերը» և ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջնական լուծարման հետ կապված չլուծված խնդիրը։
«Մինչև այս քայլերի իրականացումը, փաստաթղթի նախաստորագրման թեման մնում է հետագա քննարկումների առարկա», - եզրափակել է Հաջիևը։