
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանում ավարտվել է բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությունը։ Մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել է Լատվիայի հավաքականը, որը եզրափակիչ խաղում 74։64 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի ընտրանու նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Եզրափակիչ հանդիպումից հետո տեղի ունեցած պարգևատրման արարողության ընթացքում մրցանակակիրներին պարգևները հանձնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը։
Միջոցառման ընթացքում ՖԻԲԱ Եվրոպան Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիային պարգևատրել է Organizer Award հատուկ մրցանակով՝ առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:
Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը հանդես է եկել Փիթ Դոմինգեսի գլխավորությամբ և 21 թիմերի պայքարում զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը։ Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն է դարձել Խորվաթիայի հավաքականը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Թուրքիայի ընտրանին:
Առաջնության հանդիպումներն անցկացվել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում: