Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և «ԴԻ-ՎԻ-ՎԻ ինթերնեյշնալ» կազմակերպության հայաստանյան գրասենյակը համատեղ նախաձեռնել են «ԿրթաԲԱՑ. կրթություն բոլորին, ամենուր, ցկյանս» հանրային արշավ՝ ուղղված մեծահասակների ոչ ֆորմալ կրթությանը հասանելիությանը:

Ծրագրի շրջանակում ՀՀ տարբեր բնակավայրերում հիմնվում են մեծահասակաների ուսումնառության և կրթության (ՄՈՒԿ) կենտրոններ՝ մրցույթներ, քննարկումներ, վարպետության դասեր և այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով:

«ԴԻ-ՎԻ-ՎԻ ինթերնեյշնալի» աջակցությամբ տեղի է ունեցել «ԿրթաԲԱՑ Ստեփանավան» մեծահասակաների ուսումնառության և կրթության կենտրոնի բացումը, որը կազմակերպության կողմից ֆինանսավորվող վեցերորդ կենտրոնն է։

Քաղաքային գրադարանում տեղակայված կենտրոնը հիմնվել է Ստեփանավանի երիտասարդական կենտրոնի կողմից՝ Ստեփանավանի համայնքապետարանի և ԻնՍտեփանավան զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ։

ԿԳՄՍ նախարարության լրացուցիչ և շարունակական կրթության բաժնի պետ Կարինե Դադյանի խոսքով՝ կենտրոնում կիրականացվեն առողջ ապրելակերպի, հրուշակագործության, անգլերենի, ձեռնարկատիրական հմտությունների դասընթացներ:

«Նորաբաց կենտրոնն ուսուցման և ինքնազարգացման նոր հնարավորություն է ապահովում բոլոր նրանց համար, ովքեր երբեք չեն դադարում սովորել»,- նշում է Կարինե Դադյանը՝ հավելելով, որ դասընթացներն արդեն մեկնարկել են և ունեն շուրջ 80 մասնակից Ստեփանավան խոշորացված համայնքից:

18 տարեկանից բարձր տարիքային խմբի համար նախատեսված դասընթացները կազմակերպվում են անվճար:

146