2020թ. դեկտեմբեր ամսին՝ չպարզված օրը և ժամին, հակառակորդի մի խումբ զինծառայողներ, ազգային և կրոնական ատելության, կրոնական մոլեռանդության շարժառիթներով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հրաձգային զենքերի գործադրմամբ սպանել են ԱՀ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում տեղակայված մարտական դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի 9 զինծառայողների:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դիակների արտաքին զննումներ, որի արդյունքում ի հայտ են եկել խոշտանգման մասին վկայող բավարար տվյալներ, պարզվել են դիակներից 4-ի ինքնությունը:

Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սույն թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության ղեկավարության կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի, զինված ընդհարումների ժամանակ հակառակորդը, թույլ տալով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ, ԱՀ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում տեղակայված մարտական դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող, պաշտպանության միջոցներից զրկված անձնակազմի 7 զինծառայողի ենթարկել է անմարդկային վերաբերմունքի ու խոշտանգումների:

Փաստի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով և 390-րդ հոդվածի (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) 1-ին մասի 2-րդ կետով:

Կատարվում է նախաքննություն:

349