Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 14-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդել էին, որ գիշերվա ժամը 01։30-ին հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ, իսկ նրան բերած տղաները հեռացել են։

Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից՝ հայտնելով դեպքի մանրամասները:

«Քրեական ոստիկանության գլխավոր, Կոտայքի մարզային և Երևան քաղաքի վարչությունների համատեղ միջոցառումներով տեղեկություններ են ձեռք բերվում, որ օգոստոսի 13-ի գիշերը՝ խնջույքի ժամանակ, ծագել է վիճաբանություն, որի ընթացքում Պռոշյան գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդը ծեծի է ենթարկել 56-ամյա մի տղամարդու:

Այս միջադեպից հետո՝ արդեն օգոստոսի 14-ի գիշերվա ժամը 01։00-ի սահմաններում, պարզաբանումների նպատակով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան տանող կամրջի տակ կրկին հանդիպում են վիճող կողմերը մի խումբ անձանց ուղեկցությամբ: Այստեղ էլ հնչում են փոխադարձ հայհոյանքներ, միմյանց հասցվում են հարվածներ, իսկ միջադեպի մասնակիցներից մեկը հրազենից կրակոցներ է արձակում մյուս կողմի մասնակիցների ուղղությամբ, ինչի հետևանքով էլ 30-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Նաիրիի քննչական բաժնում սպանության փորձի, առողջությանը ծանր վնաս պատճառելու, խուլիգանության և ապօրինի զենք կրելու հատկանիշներով նախաձեռնվում է քրեական վարույթ։ 

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի և Նաիրիի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու քննչական գործողությունների արդյունքում պարզվում է, որ ապօրինի պահվող զենքով վնասվածքը պատճառել է 27-ամյա մի երիտասարդ, որի նկատմամբ հսկող դատախազի կողմից հարուցվում է քրեական հետապնդում։

Օգոստոսի 18-ին երիտասարդը ձերբակալվում, ներկայացվում է Քննչական բաժին և արդեն հաջորդ օրը կալանավորվում։

Գործով կան ձերբակալված ու կալանավորված այլ անձինք ևս:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

126