Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հետաքննությունների դաշնային բյուրոն խուզարկել է Դոնալդ Թրամփի առաջին վարչակազմում ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տունը: Բոլթոնը չի կալանավորվել, նրա դեմ մեղադրանքներ չեն առաջադրվել։

ԱՄՆ արդարադատության նախարարությունը, ՀԴԲ-ն և Բոլթոնի փաստաբանները դեռևս չեն մեկնաբանել միջադեպը: ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելը X-ի իր էջում գրել է, որ ոչ ոք օրենքից վեր չէ։

Ջոն Բոլթոնը Թրամփի խորհրդականն է եղել նրա կառավարման առաջին ժամկետի ընթացքում՝ 2018 թվականի ապրիլին: Թրամփը նրան ազատել է 2019 թվականի սեպտեմբերին։

The Guardian-ի փոխանցմամբ՝  Թրամփը արձագանքել է միջադեպին, նշել՝ տեղյակ չի եղել Ջոն Բոլթոնի տան խուզարկության մասին: Նախագահի խոսքով՝ այդ մասին տեղեկացել է հեռուստաալիքներից: Հայտնել է, որ խուզարկության մանրամասները ակնկալում է իմանալ արդարադատության նախարարությունից: 

2020 թվականին Բոլթոնը հուշագիր էր հրապարակել, ինչը Թրամփը փորձել էր արգելել: Վերջինս պնդում էր, որ հուշագրում գաղտնի տեղեկատվություն կա։ Այս գործով նախաքննություն էր սկսվել, որը, սակայն, չեղարկվեց Բայդենի կառավարման օրոք: Վերջին շրջանում Բոլթոնն աչքի է ընկնում Թրամփի արտաքին քաղաքականության քննադատությամբ: 

83