Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ավստրալիան Իրանի դեսպան Ահմադ Սադեղիին հայտարարել է երկրում անցանկալի անձ։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը։

Araratnews.am-ի փոխանցմամբ՝ Կանբերայի տվյալներով՝ Թեհրանը ներգրավված է եղել Ավստրալիայում հրեական համայնքի դեմ հակասեմական հարձակումներում (Մելբուռնի սինագոգում և Սիդնեյի «Կոշեր» ռեստորանում)։ 

Վոնգը նշել է, որ Սադեղիին, ինչպես նաև Իրանի ևս երեք ներկայացուցիչների, հրահանգվել է լքել Ավստրալիան յոթ օրվա ընթացքում։  Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր սա առաջին դեպքն է, երբ դեսպանը վտարվում է Ավստրալիայի տարածքից։

Նախարարը հավելել է, որ Իրանում Ավստրալիայի դեսպանատունը դադարեցրել է իր աշխատանքը, իսկ դիվանագետները տարհանվել են այլ երկրներ։

Երկրի վարչապետ Էնթոնի Ալբանեզեի կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ Ավստրալիայի անվտանգության հետախուզական ծառայությունը, երկրի դաշնային ոստիկանության հետ համատեղ, հետաքննություն է անցկացրել Ավստրալիայում հրեական համայնքի դեմ մի շարք հակասեմական հարձակումների վերաբերյալ, որի ընթացքում պարզվել է, որ դրանցից առնվազն երկուսը աջակցվել են Իրանի կառավարության կողմից։

183