Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մեհդի Սոբհանիին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով դեսպանին՝ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստանի Հանրապետություն այցին՝ վստահություն հայտնելով, որ ստորագրված մի շարք փաստաթղթերը կնպաստեն Հայաստանի և Իրանի միջև արվեստի, մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ու ծրագրային նոր նախաձեռնությունների իրականացմանը:

Անդրադառնալով ՀՀ ԿԳՄՍ պատվիրակության՝ սեպտեմբերի 6-8-ը Իրան նախատեսվող այցին՝ կողմերը կարևորել են երկկողմ հանդիպումները, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում երկկողմ համագործակցության նոր փաստաթղթերի ստորագրումը՝ որպես երկու երկրների դարավոր կապերն ամրապնդելու նոր հնարավորություն:

Սեպտեմբերի 6-ին Իրանի Պերսեպոլիս համալիրում կայանալու է համերգ՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին:

«Բացառիկ համերգը կնպաստի ոչ միայն Հայաստանի մշակութային ժառանգության հանրահռչակմանը, այլև շրջադարձային կլինի Հայաստան-Իրան մշակութային հարաբերություններում»,- ասել է նախարարը:

Հանդիպման շրջանակում դեսպան Մեհդի Սոբհանին հայտնել է, որ սեպտեմբերին ավարտում է իր առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում:

«Ես եղել եմ և կմնամ հայ ժողովրդի բարեկամը և ջերմ հուշերով եմ թողնելու Հայաստանը»,- ասել է դեսպանը՝ շնորհակալություն հայտնելով մշակույթի և կրության ոլորտներում սերտ համագործակցության համար:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ևս շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջև դարավոր կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերի համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

127